Բաժիններ՝

Հայիթիի վարչապետը հրաժարական է տվել երկրում աճող բռնությունների պայմաններում

Հայիթիի վարչապետ Արիել Հենրին կհեռանա պաշտոնից, երբ ձևավորվի անցումային խորհուրդ և իրեն ժամանակավոր փոխարինող նշանակվի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Արիել Հենրին երկրի ղեկավարությունը ստանձնել էր այն բանից հետո, երբ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվեց 2021 թվականին կոլումբիացի վարձկանների կողմից: Ըստ ձեռք բերված քաղաքական համաձայնության՝ ընտրություններ պետք է անցկացվեին, և չընտրված Արիել Հենրին պետք է հրաժարական տար մինչև փետրվարի 7-ը, բայց դա տեղի չի ունեցել։

Հանցախմբերի կողմից երկրում իրականացվող բռնությունների պատճառով Հենրին մեկնել էր Քենիա և Հայիթիում բազմազգ անվտանգության ուժեր տեղակայելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։

Հանցախմբերը թույլ չէին տվել, որ նրա ինքնաթիռը վայրէջք կատարի Պորտ-օ-Պրենսում, և պահանջել էին նրա հրաժարականը՝ սպառնալով քաղաքացիական պատերազմով։

«Կառավարությունը, որը ես գլխավորում եմ, հրաժարական կտա անմիջապես այն բանից հետո, երբ (անցումային) խորհուրդ նշանակվի․․․․ Ես հայիթցիներին խնդրում եմ հանգստություն պահպանել և անել հնարավոր ամեն բան, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան, որքան հնարավոր է շուտ», – ասել է Արիել Հենրին տեսաուղերձում։

Այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են մարդիկ փողոցներում տոնում վարչապետի հրաժարականը։

Մարտի 11-ին տարածաշրջանի երկրների ղեկավարները հանդիպել էին Ճամայկայում՝ քննարկելու Հայիթիում անցումային կառավարություն ստեղծելու հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այդ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ խորհրդի խնդիրը կլինի բավարարել Հայիթիի ժողովրդի «անմիջական կարիքները» և անվտանգային պայմաններ ստեղծել ազատ ընտրությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս