«Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ. ամեն ինչ հստակ է». Արմեն Գրիգորյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։
«Ես իմ վերջին հարցազրույցում նշել եմ, որ ռազմատեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա։ Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում և տարբեր ուղղություններով՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգության առումով»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը թվարկեց տնտեսական ոլորտում առկա թվերը՝ շեշտելով, որ արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ հասել է 16 տոկոսի, նախորդ հունվարին այն եղել է 4 տոկոս։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել մեծ փոփոխություն՝ Հայաստանն իրականացնում է և՛ տնտեսության, և՛ քաղաքականության, և՛ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։
«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, նա նաև տարածաշրջանացման քաղաքականություն է վարում, լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցի բոլորի հետ, հարաբերություններ կառուցի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, և սա է մեր օրակարգը։ Ամեն ինչ հստակ է»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում