Թուրքիայի բնակչությանն ամենից շատ անհանգստացնում է գնաճը

Հունվարի 26-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում միջազգային «Ipsos» հետազոտական ընկերությունը 29 երկրի քաղաքացիների շրջանում «Ինչե՞րն են անհանգստացնում աշխարհին» խորագրով հարցում է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առցանց տարբերակով անցկացված հարցմանը ներգրավվել է Թուրքիայի 29.000 քաղաքացի:

Հարցման ընթացքում փորձ է արվել բացահայտել տվյալ երկրի քաղաքացիներին անհանգստացնող թեմաները, ինչպես նաև իրենց երկրում տիրող իրավիճակը:

Մասնակիցների 73 տոկոսն իրենց ուղղված «Ըստ Ձեզ՝ երկրում գործերը դեպի լա՞վն են գնում, թե՞ սխալ ուղղության վրա են» հարցին ի պատասխան, ասել են. «Սխալ ուղղության վրա է»:

Իսկ որպես ամենամտահոգիչ թեմաներ հարցվածների 50 տոկոսը առանձնացրել է երկրում առկա գնաճը, 30 տոկոսը՝ աղքատությունը և սոցիալական անարդարությունը, 22 տոկոսը՝ աճող հանցագործությունները և բռնությունները, նույնքան մարդ՝ գործազրկությունը, 21 տոկոսը՝ նյութական և քաղաքական աղքատությունը, իսկ 20 տոկոսը՝ ահաբեկչությունը:

Նրանց միայն 5 տոկոսն է մտահոգվել գլոբալ տաքացմամբ: Գլոբալ տաքացմամբ առկա անհանգստություններով հարցմանը մասնակից երկրների շարքում Թուրքիան վերջին տեղն է զբաղեցրել:

Թուրքիայի քաղաքացիներին ուղղվել է նաև մեկ այլ հարց՝ կապված ռազմական բախումներին առնչվող մտահոգությունների հետ:

«Ձեզ անհանգստացնու՞մ է ռազմական հակամարտությունը» հարցին մասնակիցների միայն 2 տոկոսն է տվել «այո» պատասխանը:

Ընկերությունը Թուրքիայի քաղաքացիներին ընդգրկել է նաև մեկ այլ «Համաշխարհային սպառողի վստահությունը» խորագրով հարցմանը:

Դրա շրջանակներում հնչած «Ինչպե՞ս կսահմանեք Ձեր երկրում առկա տնտեսական վիճակը» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 74 տոկոսը, ասել է. «Վատ»:

Նշենք, որ «Ipsos» ընկերության հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ ահաբեկչության վտանգից ամենաշատն անհանգստանում են Իսրայելի քաղաքացիները, ոում հաջորդում են թուրքաբնակները:

Տեսանյութեր

Լրահոս