Հայաստանի «հպարտ» քաղաքացիները դժգոհում են «ժողվարչապետի» բերած կյանքից, ոմանք գոհ են նոր «շուբից»
Իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ Հայաստանում կյանքն էժանացել է, մարդիկ սկսել են լավ ապրել, իսկ նախկինում լավ չէին ապրում։
Մինչդեռ հասարակությունը հակառակն է պնդում, ամեն դեպքում, 168.am-ի Երևանում անցկացրած հարցման ժամանակ քաղաքացիների մեծ մասը նշում էր, որ կյանքը միշտ էլ թանկ է եղել կամ ավելի է թանկացել, քան, օրինակ, 5-6 տարի առաջ էր։ Քաղաքացիների մի հատվածի կարծիքով էլ՝ հակառակը՝ էժանացել է, իսկ հարցին՝ նախկինում 20 հազար դրամով ի՞նչ էին գնում և այսօր ի՞նչ են կարողանում գնել՝ պատասխանեցին՝ հաշվարկ չեն արել, բայց մեկ է, ամեն ինչ շատ էժան է։
Քաղաքացիներից նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունեն Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ՝ կրկին քաղաքացիների մի մասի համար այդ այցը ոչինչ չի տալու Հայաստանին, իսկ մյուս մասի կարծիքով՝ Հայաստանը հյուրասեր երկիր է, ով ուզում է՝ կարող է գալ։
«Է թող գա, ի՞նչ կարող եմ ասել, քաղաքականություն է, այն ժամանակ այնպես է եղել, հիմա այսպես է։ Նրա այցը ոչինչ չի տալու, կարող է և հակառակ պատկերը ստացվի»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Թանկացումների մասին էլ նա ասաց՝ անձամբ իր համար փոփոխություն չկա, նախկինում էլ, այժմ էլ շարունակում է նույն կյանքով ապրել։
Քաղաքացիներից մեկն էլ՝ տեսախցիկը տեսնելուց հետո, վրդովմունքով ասաց, որ Հայաստանը կործանված է, իսկ կործանողը եղել է Նիկոլ Փաշինյանը, որը հայ ազգի թշնամին է։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերացնում է, նա համար մեկ թշնամին է, անգրագետ է։ Կյանքը գնալով թանկանում է, սնունդը, հագուստը, ամեն ինչ»,- նշեց քաղաքացին։
Մեր զրուցակից քաղաքացիներից մեկն էլ նշեց.
«Զելենսկին իր քիթը չի կարող սրբել, ինչո՞ւ է գալիս Հայաստան, զիբիլ է, հենց այնպես է գալիս, աչքակապություն, նա ո՞վ է։ Նա իսկի իր երկիրը չի կարողանում կառավարի, սաղ աշխարհը թափվել է Զելենսկու վրա, որ օգնի, բայց նա բան չի կարողանում անի, հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է գալիս, իշխանություն կա՞, որ այս հարցն իրեն ուղղեմ։ Սաղ Ղարաբաղը տվել է, ասում է՝ 30 հազար զինվոր պահել եմ, ես Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին չեմ պաչում ու դնում ճակատիս, բայց նրանք հող չեն հանձնել, չեն ստորագրել ու հող չեն հանձնել, մինչև վերջ հողերը պահել են»։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, այդ ժամանակվանից դադարեց լինել իշխանություն. «նա իրավունք չունի երկրի ղեկավար լինել»։
Մեր զրուցակիցներից մեկն էլ ասաց, որ Հայաստանում միշտ էլ կրակոցներ եղել են, բայց այսօր, շնորհիվ ԵՄ դիտորդների, դրանց թիվը նվազել է՝ եռակի անգամ։
«Կյանքը լավացել ու էժանացել է, նորմալացել է, այո, ես Հայաստանի հպարտ քաղաքացի եմ»։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե կյանքն իր համար այնքան է լավացել, որ սկսել է «շուբ» հագնել։
Մեր հարցումների ընթացքում հարցերին ավելի շատ պատասխանել են միջին և միջինից բարձր տարիքի քաղաքացիները, իսկ երիտասարդները խուսափում էին տեսախցիկի առջև խոսելուց։
Հ.Գ. Երևանում հարցումներն անցկացնելու ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակից հաղորդագրությունը դեռ չէր տարածվել, որ նրա տարածաշրջան այցելության վերաբերյալ խոսք չի եղել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում