Եթե «ռեԱրմենիայի» էջից դուրս գա Արարատ սարը, ես էլ դուրս կգամ. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սկսել են ծրագրեր իրականացնել արցախցիների հետ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ։

«Հենց հիմա թխվող նախագծեր կան, և մենք շեշտը դրել էինք, որ հենց արցախցիներին ներգրավենք ծրագրում, որովհետև շատերն ինչ-որ գաղափարներ ունեն, բայց չգիտեն՝ ինչպես գումար ու աջակցություն գտնեն, թեպետ այստեղ միայն գումարի հարց չէ, մարդուն կարող ենք օգնել խորհրդատվությամբ։ Մոտ ապագայում  «ռեԱրմենիայի»-ով կտեսնեք արցախյան հետաքրքիր  ծրագրեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով «ռեԱրմենիա»-ի հետ համագործակցության և տարվա անելիքների մասին։

Նրա խոսքով՝ հարթակում և աշխատատեղերի բացման հարցն է, քանի որ մարդիկ երբ չեն կարողանում աշխատանք գտնել, հիասթափվում ու հեռանում են։ Իսկ հարթակը ստեղծում է այն հնարավորությունը, որպեսզի մարդը հիասթափությունը մի կողմ թողնի և իր ուզած ծրագիրն առաջ տանի։

«Մենք հիմա խմբեր ենք բացում «տելեգրամում», որպեսզի այն մարդկանց, որ ունեն գաղափարներ ու ծրագրեր, սակայն չգիտեն՝ ինչ անել, փորձենք ներգրավել մեր հարթակում ու օգնել։

Կարդացեք նաև

Բոլոր նախաձեռնությունը, «ռեԱրմենիան» ևս բացառություն չէ ինչ-որ առումով, ադրբեջանցիները թիրախավորում են։ Օրինակ, կհիշեք, երբ Ֆեյսբուքում դրամահավաքները դեռ կային, շատ հաճախ մարդիկ սկսում էին դրամահավաքը, ու մեկ էլ փակվում էր, որովհետև ադրբեջանցիները զանգվածային բողոքում էին։ Ասում էին, թե դա ինչ-որ ռազմական բնույթի է, որպեսզի Ֆեյսբուքը դա դիտարկի՝ որպես կանոնները խախտող։ «ռեԱրմենիան» էլ՝ որպես հայկական կայք, մեծ հաշվով միշտ թիրախ է եղել և լինելու է»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանը։

Հարցին՝ իշխանությունները թիրախավորել են Արարատ սարը, հնարավո՞ր է մի օր «ռեԱրմենիան»-ի խորհրդանիշներից մեկը՝ Արարատը, այլևս նրա սիմվոլներից դուրս բերվի, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ համոզված է, որ նման բան չի լինի։

«Հաշվի առնելով այն մարդկանց, որ կան այստեղ, եթե այդպիսի բան լինի՝ ես էլ դուրս կգամ, բայց համոզված եմ՝ նման բան չի լինի»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս