Ո՞վ է լիբանանցի բլոգերի հայկական տարազի հայուհի հեղինակը

Լիբանանցի 26-ամյա ֆուդ-բլոգեր Աբիր էլ Սաղիրը երեկ իր հետևորդներին զարմացրեց հայկական «Ղափամայի» պատրաստման հմտությամբ՝ հայկական տարազով ու երգով:

Սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում միլիոնավոր դիտումներ ունեցող բլոգերը, որը պարբերաբար տարբեր ժողովուրդների ազգային ուտեստներ է պատրաստում, այս տեսանյութից հետո միանգամից հայտնվեց ոչ միայն հայ օգտատերերի ուշադրության կենտրոնում, այլև՝ ադրբեջանցի ու թուրք օգտատերերի թիրախում:

Վերջիններս, սովորության համաձայն՝ անգամ համացանցային տիրույթում փորձեցին յուրացնել հայկական ուտեստը, «Ղափամա»-ին նվիրված երգը (այդ տեսանյութում հնչում է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ) ու տարազը:

Կարդացեք նաև

Ի դեպ, Աբիռը տեսանյութում կրում է Սյունիք-արցախյան տարազախմբի մի նմուշ, որի հեղինակը հայուհի է՝ Գոհար Ասատրյանը:

Նա նախկին զինվորական է, զինվորական հոգեբան: Ավարտել է Ոստիկանության ակադեմիան:

Գոհարը կարուձևով սկսել է զբաղվել արդեն Զինված ուժերի պահեստազորը համալրելուց հետո՝ 32 տարեկանում: Սիրողական զբաղմունքը մեծ գործի սկիզբն է եղել, ու հայրենիքին զինվորագրված հայուհին հայկական տարազի գոհարները ներկայացրել է արդեն աշխարհի տարբեր անկյուններում:

168.amը Գոհար Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նրա կարած տարազը հասել Աբիռ էլ Սաղիրին:

«Բլոգերը ինձ հետ կապ չի հաստատել, ուղղակի իմ օնլայն խանութի էջից միանգամից պատվեր է կատարել. չափսը նշել է, կարել ենք ու ուղարկել իր հասցեով՝ Լիբանան: Այս տարազը Սյունիք-Արցախյան տարազախմբից մի օրինակ է, վրայի ասեղնագործությունը արցախյան գորգանախշ է,- պատմեց տարազի հեղինակը և նշեց, որ մինչ այդ ֆուդբլոգերին չի ճանաչել,- Ընկերներս Ֆեյսբուքում տեղադրել էին «Ղափամա»-ի տեսանյութը, ու երեկոյան երբ անցնում էի Ֆեյսբուքով, տեսա, ասացի՝ ինչ ծանոթ հագուստ է: Ուշադիր նայելուց հետո՝ ասացի՝ սա իմ կարած հագուստն է, և արդեն երբ օնլայն-խանութի վաճառքները նայեցի, հասկացա՝ Լիբանան գնացած մեր վերջին պատվերն իրենն էր  փաստորեն: Շատ հաճելի պահ էր»:

Ի դեպ, Գոհարը պատվիրատուներ ունի աշխարհի բոլոր երկրներից, ու նրանք ոչ միայն հայկական Սփյուռքից են, այլ օտարերկրացիներ:

Պահեստազորը համալրելուց հետո էլ նրա համար շարունակել է կարևոր մնալ առաջնագիծը. պատերազմի օրերին իր արտադրամասով նա կարել ու մեր զինվորներին է ուղարկել անհրաժեշտ տարբեր իրեր, իսկ պատերազմից հետո՝ բռնի տեղահանված արցախահայության համար տարբեր բարեգործական նախաձեռնություններ է իրականացրել:

Տեսանյութեր

Լրահոս