Հայրենիքը փողն է, իսկ փողը հայրենիք չունի

Հայկական ինքնության դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավն ունի բազմաթիվ խորքային, առաջին հայացքից՝ ոչ տեսանելի շերտեր։ Նա հայտարարում է, թե «հայրենիքը պետությունն է», այդ բովանդակությամբ պաստառները ողողել են Հայաստանի փողոցները, դրա մասին պատմող հոլովակները՝ հեռուստաեթերը

Զուգահեռաբար՝ որպես պետության թիվ մեկ հերոս հռչակում է հարկատուին։ «Սիրո՞ւմ ես պետությունդ, վճարիր հարկերդ». ազդարարում են փողոցների ու եթերների մյուս մասը ողողած պաստառներն ու հոլովակները։

Այս երկու հռչակումների միջև կա տրամաբանական կապ, որն ուղիղ չի բարձրաձայնվում և որի մասին չի հայտարարվում։

Եթե պետության թիվ մեկ հերոսը հարկատուն է, նշանակում է պետության թիվ մեկ առաջնահերթությունը հարկատուի վճարած հարկն է՝ փողը, այսինքն՝ պետությունը նույնացվում է փողի հետ։

Կարդացեք նաև

Եվ երբ մեկ այլ հռչակմամբ հայտարարվում է, որ «հայրենիքը պետությունն է», անուղղակիորեն, պատճառահետևանքային  կապի տրամաբանությամբ, ստացվում է, որ հայրենիքը փողն է։

Միջին մակարդակի ցանկացած մարքետոլոգ մանրամասն կհիմնավորի, թե ինչպես են հանրային հոգեբանության վրա ազդում նման գովազդային արշավները, դրանց մասին կան տասնյակ տեսություններ, հարյուրավոր գործնական մոդելներ։

Օրինակ, երբ անընդհատ գովազդվում է, որ ծարավը հագեցնելու փրկությունը սառը թանն է, իսկ այլ գովազդային միջոցներով հայտարարվում է, որ թիվ մեկ սառը թանը պատրաստում է Ազգուշ տատը, ժամանակի ընթացքում լսողն ու կարդացողը ծարավից փրկությունը նույնացնում է Ազգուշ տատի հետ։

Նույն տրամաբանությամբ ահա, «հայրենիքը պետությունն է», «թիվ մեկ հերոսը հարկատուն է», «սիրո՞ւմ ես պետությունդ՝ վճարիր հարկերդ» կարգախոսները հանրային գիտակցության ու արժեբանության մեջ հետևողականորեն ներմուծում են գաղափարը, որ վերջին հաշվով հայրենիքը փողն է։

Իսկ փողը, ինչպես հայտնի է, հայրենիք չունի, փողի հայրենիքն այն տարածքն է, որտեղ փողն ավելանալու հնարավորություն է ստանում։

Հիմա դեռ չի հայտարարվում ու գովազդվում, բայց առաջիկայում, քարոզչական առաջին փուլն ավարտված համարելուց հետո, ըստ ամենայնի, իշխանություններն ամենատարբեր միջոցներով կպատմեն այն մասին, որ փողը հայրենիք չունի։

Հայկական ինքնության, իրական պետության դեմ պայքարի հիմքում այսպիսով ընկած է «հայրենիքը պետությունն է», «թիվ մեկ հերոսը հարկատուն է», «հայրենիքը  փողն է», «փողը հայրենիք չունի» պատճառահետևանքային շղթան, որի վերջնարդյունքում Հայաստանի քաղաքացիների (ամեն ինչ արվում է, որ Հայաստանում ապրողների նույնականացման միջոց դառնա ոչ թե էթնիկ պատկանելությունը, ազգը, այլ հենց քաղաքացիությունը) մեծամասնության համար կարևոր կլինի միայն փողը և նույնքան անկարևոր՝ այդ փողի ծագման աղբյուրը, որովհետև գլխավոր կռվանն անհայրենիք փողի գաղափարն է՝ «հայրենիքը՝ փողում» փաթեթավորմամբ։

Այս քարոզչության հանդեպ հանրությունն ունի գրեթե զրոյական դիմադրողականություն, քանի որ սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդկանց համար լավ կյանքի խոստումն ամենագրավիչն է։

Դրա դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը հանրությանն իրական այլընտրանք ներկայացնելն է՝ «փողը՝ հայրենիքում» պայմանական անվանումով։

Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանության քարոզչությանը չենթարկվեն առաջին հերթին այլընտրանք ներկայացնողները, որոնց մի մասը, չնայած հերթապահ քննադատությանը, հոգու խորքում առաջնորդվում է «հայրենիքը՝ փողում» սկզբունքով։

Տեսանյութեր

Լրահոս