Արմեն Երիցյան. Ես գնում եմ, որ հաղթեմ
Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Արմեն Երիցյանն այսօր հրավիրված ասուլիսում իրեն ուղղված հարցին՝ ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, հարցով պատասխանեց. «Բայց ինչո՞ւ չպետք է մասնակցեր»:
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու պատճառն այն է, որ կուսակցությունն ունի իր ծրագիրն ու հայեցակարգը. «Կարծում եմ, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կայուն քաղաքական ուժ է և կարող է այսօր պայքարել այդ պաշտոնի համար»:
Արմեն Երիցյանը նշեց, որ ՕԵԿ-ն ընտրության է գնում քաղաքապետի և ոչ թե՝ փոխքաղաքապետի պաշտոնի համար:
Հարցին՝ արդյոք ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին իրեն մրցակի՞ց է համարում, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, և՛ կոալիցիոն գործընկերը, և՛ կյանքում ընկերություն ենք անում, բայց «Օրինաց Երկիր» կուսակցությունն ունի իր դիրքորոշումը, և մենք ունենք մեր ծրագրերը: Իհարկե, մենք մեր ծրագրով հանդես կգանք, Հանրապետական կուսակցությունը՝ իր ծրագրով, և ժողովուրդն ինքը կընտրի՝ որ ծրագիրն է իրեն ավելի հոգեհարազատ»: Նա նշեց, որ առաջադրված բոլոր թեկնածուներին էլ արժանի մրցակից է համարում. «Թերագնահատել որևէ մեկին ես չեմ փորձի, որովհետև յուրաքանչյուրն ունի իր ծրագիրը, իր դիրքորոշումը, որը ես հարգում եմ»:
Արմեն Երիցյանն ասաց, որ ինքը ցույց է տվել, որ կարող է աշխատել՝ որպես Արտակարգ իրավիճակների նախարար, իսկ ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում՝ կաշխատի որպես քաղաքապետ: Հարցին՝ ձախողման դեպքում կվերադառնա՞ ԱԻՆ, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ձախողման դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը կորոշի՝ ես որտեղ եմ նշանակվում»:
Արմեն Երիցյանի խոսքով՝ նորմալ է, որ ՕԵԿ համամասնական ցուցակում 164 հոգի է ընդգրկված. «Ցուցակով մենք յուրաքանչյուրին տալիս ենք իր գնահատականը»: ՕԵԿ ծրագիրը, ըստ Արմեն Երիցյանի, կներկայացվի քարոզարշավի ընթացքում: Հարցին՝ ի՞նչ ռեսուրսով են հաղթելու ընտրություններում, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Մեր ծրագրի ռեսուրսներով, մեր տեսլականով, ի՞նչ ենք ուզում, որտեղի՞ց՝ ո՞ւր ենք ուզում գնալ»:
Արմեն Երիցյանը հերքեց այն խոսակցությունները, որ ինքն է գլխավորում ՕԵԿ-ի ցուցակը, որպեսզի իր հեղինակությամբ առաջ մղի ՕԵԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանին, որ վերջինս դառնա փոխքաղաքապետ. «Չէ՛, չէ՛, իհարկե: Մենք լուրջ մարդիկ ենք, եկեք այդ թեմաները չշոշափենք: Ի՞նչ է նշանակում՝ ես պետք է գնամ, որ ինչ-որ իմ հետևից մարդ տանեմ: Ես գնում եմ, որ հաղթեմ»: