Հայաստանում 2023 թվականին գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8,1%-ով
Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքները ներկայացրել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 3 054 դեպքով: Գրանցված 40 666 հանցագործությունների գերակշիռ մասը՝ 80,8%-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:
Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։
Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1159 միավոր հրազեն:
Բացահայտման տոկոսում հաշվվող 40 598 հանցագործության դեպքերից 26 469-ով կամ 65,2%-ով հայտնի է հանցանք կատարած անձը: Հաշվետու ժամանակահատվածում 2847-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը: Հարկ է նշել, որ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին տարիներին գրանցված նմանատիպ միակ դեպքն է։ Աճել են համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը. 489 դեպք, որից 128-ը՝ իրացնելու, 361-ը՝ ձեռք բերելու: Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 100-ից ավելի համացանցային հարթակ։
2023 թ. 12 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1404 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 574-ը կաշառակերության դեպքեր են: 169 դեպքով աճել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների թիվը, միաժամանակ աճել է դրանց բացահայտման արդյունավետությունը։