Սա վերջնական արձանագրված հաջողություն չէ, նախագիծն ընդամենը հետ են կանչել վերամշակելու համար. Իզաբելլա Աբգարյան

Վերջերս Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ էր դրել միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծ, որի ընդունվելու դեպքում սեպտեմբերի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա մինչև 300 դրամ։

Հենց սկզբից այս որոշման նախագիծը մասնագետների կողմից արժանացավ կոշտ քննադատությունների, որ ծանր բեռ է դրվում քաղաքացու ուսերին, սա էլ այն դեպքում, երբ նույն քաղաքացին չի կարողանում նորմալ օգտվել հանրային տրանսպորտից, մասնավորապես՝ երեկոյան ժամերին։ Հետևաբար, թանկացումն արդարացված չէ։

Այսօր առավոտյան Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ ասելով, որ Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը հանվելու է ավագանու առաջիկա նիստի օրակարգից՝ ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը խոսելով հանրային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու վերաբերյալ որոշման նախագիծն ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանելու քաղաքային իշխանության որոշման մասին, ասաց, որ սա նախևառաջ հասարակության հաղթանակն է, որ այս անգամ պասիվ չգտնվեց և իր դժգոհությունը հայտնեց։

Կարդացեք նաև

«Հասարակությունը պատրաստակամություն հայտնեց կրկնելու այն, ինչը մեկ անգամ արդեն արել է, այն է՝ չվճարել ավելի բարձր ուղեվարձ և դուրս գալ անհնազանդության ակցիաների, որն արդեն առաջարկել էր Հայկ Մարությանը։

Մեզ մարդիկ մոտենում, զանգահարում էին ու հետաքրքրվում, թե երբ ենք դուրս գալու փողոց, որպեսզի իրենք էլ մոտենան ու մարդկանց մեքենաներով տեղափոխեն։ Այսինքն՝ հասարակության կողմից կար հստակ պատրաստակամություն, և իշխանությունը դա գիտակցելով՝ այս պահին հետքայլ արեց։ Չեմ կարծում, որ սա վերջնական արձանագրված հաջողություն է, որովհետև նախագիծն ընդամենը հետ են կանչել վերամշակելու համար»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը։

Նրա խոսքով՝ մինչև նախագծի օրակարգ բերելը, պետք է տեղի ունենար հանրային լսումներ, ինչը չի եղել, հետևաբար, հիմա, այն հետ կանչելուց հետո, հույս ունի, որ դա տեղի կունենա։

Ինչ վերաբերում է նախկինում ուղեվարձի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին, որին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, և հարցին, ինչո՞ւ նրանք կրկին փողոց դուրս չեկան, Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ինքը նույնպես այն ժամանակ փողոց էր դուրս եկել՝ արգելափակելով Երևանի քաղաքապետարանի մուտքը։

«Այն ժամանակ իմ տված հարցազրույցում ևս ասել եմ, հիմա էլ նույնն եմ ասում, որ կան գծատերեր, բայց չկան տերեր։ Հիմա պայմանների առումով ունենք որոշակի փոփոխություններ, նաև էլեկտրոնային հաշվառման համակարգը թույլ կտա վերացնելու ստվերը։ Բայց մյուս կողմից էլ՝ Երևանն այսօր չի լուծել իր տրանսպորտային խնդիրը, այսինքն՝ չեն կարողանում ապահովել մարդկանց ճիշտ ժամանակին, արժանապատիվ ձևով, առանց հրմշտոցի տեղ հասնելը։ Սա առաջնային խնդիր է, որը պետք է լուծվի։ Երկրորդը՝ գումարը, որը կառաջարկեն ուղեվարձի համար, պետք է խելամիտ լինի։ Նաև չեն կարող սահմանափակում դնել, թե այդ տոմսով քանի անգամ կարող ես օգտվել տրանսպորտից։ Բացի սա, հաշվի չեն առել այն մարդկանց, որոնք հանրային տրանսպորտից օգտվում են, օրինակ, 10 անգամ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Խոսելով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և մի քանի հոգու օրերս ավագանու անդամի մանդատից զրկելու մասին, Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ նրան մանդատից զրկելու գլխավոր պատճառն այն է, որ լինելով ավագանու թվով երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը՝ կարող էր լինել միասնական թեկնածու ընտրությունների ժամանակ։

«Երբ իմփիչմենթի ենթարկեին Տիգրան Ավինյանին, կարող էին առաջադրել Հայկ Մարությանին, առանց թեկնածու առաջադրելու՝ օրենքը թույլ չի տալիս իմփիչմենթի ենթարկել քաղաքապետին։ Այսինքն՝ Տիգրան Ավինյանն ամրացրեց իր աթոռը, իհարկե, ըստ իրեն։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ օրենքից ու պետությունից խոսող Նիկոլ Փաշինյանը պիտի հաշվի առնի, որ իր իսկ թիմը, օրենքի գլխավոր իմպերատիվ նորմը՝ այն է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են՝ խախտեց, քանի որ նույնչափ բացակայություն ունեցող այլ անձանց չհեռացրեցին։ Այսինքն՝ ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը «Հանրային ձայնից» երկու հոգու հետ կոպտորեն խախտեցին օրենքի այս սկզբունքը և իշխանական կամայականություն ցուցաբերեցին օրենքի նկատմամբ»,- եզրափակեց Իզաբելլա Աբգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս