Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմությանը պետք է ֆունկցիոնալ լծակներ տալ (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ քաղաքացիական ֆորումի հինգերորդ նիստը, որի ժամանակ իր առաջարկություններով ներկայացավ «Ժառանգության»՝ «Բարև Երևան» ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Նա կարծում է, որ բացառապես համակարգային փոփոխությունների արդյունքում  հնարավոր կլինի խնդիրները լուծել: Արմեն Մարտիրոսյանի առաջին առաջարկը վերաբերում էր ընդդիմությանը տրվող ֆունկցիոնալ լծակներին, իսկ երկրորդը՝ կուսակցությունների կայացման համար առկա խնդիրներն ու դրանցից մեկի ֆինանսավորմանը:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2007 թվականից, երբ «Ժառանգությունը» ժողովրդի վստահության քվեի միջոցով մտավ խորհրդարան, առաջին իսկ պահից իրենց համար խնդիր դրեց հնչեցնել ընդդիմությանը որոշակի լծակներով ապահովելու հարցը:

«Ապրիլի 9-ից հետո համոզված ենք, որ իրական մեծամասնությունը խորհրդարանում կկազմի մեծամասնություն: Հետագայում այսօրվա մեծամասնությունը, որն իրականում փոքրամասնություն է, կազմելու է ընդդիմության կորիզը և մեր մեծամասնությամբ՝ իրենց ընդդիմությամբ մենք հնարավորւթյուն ենք ունենալու զարգացման գծերի վրա դնել պետության ընթացքը: Ուստի ապագայի համար իրենց պետք կգան որոշակի լծակներ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Եվ քանի որ խորհրդարանական մեծամասնությունն է ձևավորում ՀՀ կառավարության կազմը, ապա Ա. Մարտիրոսյանի խոսքով, կառավարությանը հակակշիռ է պետք:

«Մինչև այժմ տեսնում ենք, որ անգամ պաշտոնական օղակներից խոստովանում են, որ ատկատների մեխանիզմ կա, բայց դրանք որևէ ձևով չեն  պատժվում: Դրա համար անհրաժեշտ է կառավարության առաջին հակակշիռը տալ ընդդիմությանը: Նկատի ունեմ՝ Վերահսկիչ պալատը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Վերահսկիչ պալատի ղեկավարությունը պետք է անպայման ընդդիմության կողմից լինի:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ այսօրվա Վերահսկիչ պալատը, որը նշանակված է իշխանության կողմից, նթակա է իշխանությանը, ցանկացած ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելիս գրանցվում են առնվազն 20%-ի յուրացումներ, ոչ նպատակային ծախսեր:

«Պատկերացրեք, որ այս կառույցը կառավարի որևէ ընդդիմադիր ուժ, այդ տոկոսները որքան կբարձրանան: Ուստի Վերահսկիչ պալատի աշխատանքը կբերեր բավականին մեծ արդյունավետության և բյուջեի գումարները ոչ թե կփոշիանային, այլ կծառայեին հանրությանը»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ԱԺ-ում վերահսկիչ գործառույթներ կատարող հանձնաժողովները ևս պետք է տրվեն ընդդիմությանը, քանի որ խորհրդարանը, ըստ էության, որոշակի հակակշիռ է կառավարության համար: Բայց այսօրվա դրությամբ, նրա խոսքով, չկա անգամ մեկ հանձնաժողով, որտեղ ընդդիմադիր կուսակցությունը ղեկավարություն ունի։

«Կան տեղակալներ, բայց հանձնաժողովի նախագահ չկա: Մինչդեռ մենք ասում էինք, որ ԱԺ խմբակցությունների 1/3-ը՝ հիմնականում բյուջեն, ուժային կառույցների վերահսկող հանձնաժողովները պետք է լինեին ընդդիմադիրներ»,-  նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների ֆինանսավորման խնդրին, քաղաքապետի թեկնածուն ասաց, որ  ոչ բոլոր կուսակցություններն ունեն ժողովրդավարական համակարգ, որի արդյունքում պարբերաբար նախագահներն են փոխվում:

«Այսօրվա պետական կառավարման համակարգում կուսակցությունները շատ չնչին գումար են ստանում: Կարող եմ գաղտնիքը բացել, որ «ժառանգությունը» մոտավորապես 11.000 դոլար է ստանում տարեկան: Դա գրեթե ոչ մի բան է, կուսակցության զարգացման համար: Զարգացած երկրներում նման իրավիակի առջև չկանգնելու համար պետական ֆինանսավորում է իրականացվում:

Մենք շքեղ ֆինանսավորման մասին չենք խոսում: Մեր հաշվարկներով այս պահի դրությամբ խորհրդարանական կուսակցություններին ֆինանսավորելը կկազմի 2.5 մլն դոլար: Սա  բյուջեի համար կարող է փոքր ծախս լինել, բայց արդյունավետության դեպքում կարող է բազմապատիկ վերադարձվել բյուջե»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս