Հայաստանի բնակչության 97%-ը դավաճան Նիկոլին համարում է անընդունելի մեկը. Աննա Մկրտչյան
«ՀՀ հարցված քաղաքացիների 67 տոկոսն է, որ չի վախեցել և բարձրաձայն խոսել է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը կեսի համար դավաճան է, մյուս կեսի համար՝ անընդունելի, երրորդների համար՝ անպատասխանատու, Հայաստանի համար որևէ լավ բան անելու անընդունակ մեկը»,- Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ արձագանքելով Գելափի վերջին հարցումների մասին 168.am-ի հարցադրումներին:
Հիշեցնենք՝ օրերս «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հերթական հետազոտությունն էր իրականացրել: Հունվարի 23-26-ն իրականացված հարցման 1101 մասնակիցների 38.1 տոկոսը նշել էր, որ «ընդհանրապես չի վստահում», 28.3-ը՝ «ավելի շուտ չի վստահում» Նիկոլ Փաշինյանին. ասել է թե՝ 66.4 տոկոսը չի վստահում Նիկոլ Փաշինյանին:
Արձանագրել էինք՝ այս ցուցանիշը զգալիորեն աճ է գրանցել նախորդ տարվա նոյեմբերին արված համանման հարցման ցուցանիշների համեմատ. այն ժամանակ Փաշինյանին անվստահություն էր հայտնել հարցվածների 54.1 տոկոսը:
«Ես վստահեցնում եմ, որ ավելի շատ է այն մարդկանց թիվը, որոնք շատ տարբեր պատճառներով հարցումներին չեն մասնակցում կամ չեն բարձրաձայնում. ՀՀ-ում 97 տոկոսից ավելին եթե նշում են, որ Արցախը Ադրբեջանինը չեն համարում, այդ մարդիկ դավաճան Նիկոլ Փաշինյանին, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, համարում են անընդունելի, անհանդուրժելի մեկը:
Այն, որ մարդկանց մեծամասնությունն այլևս չի խուսափում բարձրաձայնումներից, դա նշանակում է ակտիվ գործողություններ, քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման արտահայտում, պատրաստ են նաև պայքարելու Նիկոլի դեմ: Սա վախեցնում է Նիկոլին այնպես, ինչպես որևէ բան իրեն չի վախեցնում, որովհետև ինքը շատ լավ գիտի, թե իշխանական աթոռից 1 սմ հեռանալն իր համար ինչ է նշանակում՝ բոլոր հնարավոր ոլորտային պատասխանատվություներով,- ասաց ընդդիմադիր պատգմավորը՝ հավելելով,- Բա ոստիկանապետություն ինչի՞ են սարքում, ինչի՞ է ԱԺ օրակարգը միայն դատախազի, քննիչի, դատավորի աշխատավարձ բարձրացնելու մասին: Ինչո՞ւ է ձևական կառավարությունը ամբողջ օրը զբաղվում ոստիկանական ստորաբաժանումներն ավելացնելով, ամեն ամիս մի քանի միլիարդ փող տալով, որ պարգևավճարները կարողանան բավարարել»:
Ըստ Աննա Մկրտչյանի՝ քաղաքական բանտարկյալները ՀՀ-ում գնալով շատանում են. 50-ից ավելի մարդ քաղաքական պատիժ է կրում, որովհետև խոսել է իրականության մասին, խոսել է Նիկոլի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում