Տիգրան Խաչատրյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ:
Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես՝ փոխվարչապետն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների բավարարման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։