Ղրղզստանը կօգտագործի Վրաստանով անցնող «Միջին միջանցքը»
Ղրղզստանը միանում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին (Միջին միջանցք), որն անցնում է նաև Վրաստանով, ըստ aliq.ge-ի՝ Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Բակիտ Տորոբաևը։
Ըստ հաղորդագրության՝ Ղրղզստանը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը (TITC) կօգտագործի երկրից և Չինաստանից Եվրոպա բեռների ավտոմոբիլային ու երկաթուղային փոխադրման համար։
«Այս երթուղին կդառնա տարածաշրջանների միավորման ևս մեկ հիմք՝ ոչ միայն ապահովելու համար նրանց տնտեսական աճը, այլև՝ տնտեսական անվտանգությունը»,- ասել է Տորոբաևը։
Նա նաև հավելել է, որ Ղրղզստանն ակտիվորեն աշխատում է նոր ճանապարհների կառուցման և գործող տրանսպորտային զարկերակների արդիականացման վրա՝ միջազգային խոշոր տրանսպորտային ցանցերում ինտեգրվելու համար. «Մեր նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ ենթակառուցվածք, որը կնպաստի Ղրղզստանի տնտեսության զարգացմանը և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացմանը»:
Ի դեպ, 2024 թվականի հունվարի 28-ին «Վրացական երկաթուղիներ»-ի նախագահությամբ, Թուրքիայում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու («Միջին միջանցք») Գլխավոր ասամբլեայի հերթական աշխատանքային հանդիպումն է կայացել, նման հանդիպու կայացել էր նաև 2023 թվականի հոկտեմբերին: Ղազախստանի Ակտաու նավահանգստային քաղաքում հավաքվել են Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ռումինիայի երկաթուղային և ծովային ընկերությունների ներկայացուցիչները։
Հատկանշական է, որ վերջին 3 տարում «Միջին միջանցքով» փոխադրվող բեռների ծավալն ավելանում է։ Հետազոտական ինստիտուտի՝ FPRI-ի տվյալներով, բեռնափոխադրումները 2020 թվականին 350 հազար տոննայից 2021 թվականին հասել են 530 հազար տոննայի:
«Միջին միջանցքը» զգալիորեն ամրապնդելու հնարավորություն ստեղծվեց 2022 թվականին, երբ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։ 2022 թվականից եվրոպական առաջատար փոխադրողները՝ դանիական Maersk-ը, ավստրիական Rail Cargo Group-ը, ֆիննական Nurminen Logistics-ը, գերմանական CEVA Logistic-ը և Dutch Rail Bridge Cargo-ն սկսեցին օգտվել «Միջին միջանցքից»: Արդյունքում փոխադրված բեռների ծավալը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ՝ դառնալով 3,2 մլն տոննա։