«Այս իշխանությունների համար արդեն այդքան հեշտ չի լինելու այս ամենը կոծկել-ծածկել». Ռուբեն Մելիքյան

Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։

Դատարանի որոշման և հետագա զարգացումների մասին լրագրողներին այսօր իրենց դիտարկումները ներկայացրին Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, հայցվորների ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ դատարանի այս որոշումը շատ կարևոր էր սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ռուբեն Մելիքյանն էլ նշեց՝ դատարանը շատ որակյալ որոշում է կայացրել, և ինքը շատ բարձր է գնահատում այս որոշումը:

168.am-ը բանախոսներից հետաքրքրվեց այդ որոշման կիրարկման հնարավորությունների մասին՝ նկատի ունենալով հարցի քաղաքական ենթատեքստը, ապա նաև՝ թե ինչպե՞ս են նմանատիպ դրվագները, ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը՝ հատկապես Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, ազդում ՀՀ միջազգային վարկանիշի վրա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հարցի առաջին մասին՝ Ռուբեն Մելիքյանը նշեց. «Անկեղծ ասած, դժվար եմ պատկերացնում, որ, երբ այդ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի, այն չկատարվի, որովհետև դա կլինի իրավական պետության ֆորմալ ավարտը (եթե մինչ այս խոսում էինք բովանդակայինի մասին): Որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, ենթադրում ենք՝ մյուս կողմը բողոքարկելու է, և նաև տեսնում ենք այդ որոշմամբ արտահայտած գաղափարների զարգացման հնարավորություն»:

ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության և նմանատիպ գործերի պարագայում մեր երկրի վարկանիշի մասին իր դիտարկումներում փաստաբանն ընդգծեց՝ այն իսկապես մեծ բացասական ազդեցություն ունի: Այդ համատեքստում, ըստ նրա, ամենևին պատահական չէ, որ ներպետական ինչ-ինչ կառույցներ, դրանց ներկայացուցիչներ ստիպված են արդեն արձագանքել:

«Օրինակ, Արմեն Աշոտյանի գործով աննախադեպ բան. դատական դեպարտամենտը, չունենալով դրա լիազորությունը, ինչ-որ հայտարարություն է անում: Կամ՝ մոտ մեկ շաբաթ առաջ Կարեն Անդրեասյանը տալիս է հարցազրույց և ասում է՝ եթե դժգոհ են, թող Արդարադատության նախարարությանը դիմեն, Էթիկայի հանձնաժողովին դիմեն Արմեն Աշոտյանի փաստաբանները, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին»,- հիշեցրեց նաև Արմեն Աշոտյանի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ հատուկ այդ մասին հիշատակումները հենց այնպես չեն:

Խոսելով միջազգային արձագանքների մասին՝ նա վստահեցրեց, որ միջազգային տարբեր ներկայացուցիչներ արձագանքում են մեր երկրում առկա այս խնդիրներին:

«Եվ այս իշխանությունների համար արդեն այդքան հեշտ չի լինելու այս ամենը կոծկել-ծածկել, ինչպես նախորդ շրջանում էր»,- շեշտեց նա:

Արծվիկ Մինասյանը հավելեց. «Մենք բոլորս հասկանում ենք, որ այս և Ձեր կողմից վկայակոչված բոլոր դեպքերն ուղիղ կապված են քաղաքականության հետ: Ավելին՝ մեր վերջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի կառույցների հայաստանյան համազեկուցողների հետ և նաև գրավոր փոխանցված տեղեկատվությունը վերաբերում է թե՛ Հայաստանում քաղաբանտարկյալներին՝ ուղիղ մատնանշմամբ, անուն-ազգանուններով՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան և քաղաքական հետապնդման ենթարկված բազմաթիվ անձինք, ինչպես նաև՝ մեր հայրենակիցների անունները, որոնք ո՛չ իրավաչափորեն, ո՛չ իրավական հիմնավորմամբ հայտնվել են անցանկալի անձանց ցանկում:

Ավելին՝ այսօրվա իշխանության զավթողական քաղաքականությունը ու նաև մարդու իրավունքների տոտալ ոտնահարումը բոլոր ուղղություններով ակնհայտ մեզ ցույց է տալիս, որ չի՛ կարող այլևս շարունակվել այս ընթացքը:

Եվ նույնիսկ միջազգային այն բոլոր դերակատարների համար, որոնք իրենց տարբեր նպատակներից ելնելով՝ այս իշխանությանը գրկաբաց շոյում էին, այլևս ակնհայտ է դառնում, որ ամենապարզագույն մարդու իրավունքների ոտնահարում է տեղի ունենում»:

Հիշեցնենք, որ 2023-ի հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին: Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս