«Ադրբեջանը չի հրաժարվում նաև «միջանցքից», այս հարցում նրան օգնում է Արևմուտքը». Արթուր Խաչիկյան

Ադրբեջանի ղեկավարը շարունակում է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ ուղղված ագրեսիվ հայտարարությունները։ Նպատակը մեկն է՝ ամեն գնով զավթել Հայաստանի տարածքները, որոնք ըստ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» են։ Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին  տված հարցազրույցում ինքնավստահ հայտարարել էր, թե «Ջերմուկն ու Երևանն ադրբեջանական են»։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները շարունակում են հայտարարել, որ հավատարիմ են մնում «խաղաղության օրակարգին», քանի որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, իսկ Հայաստանը պատերազմի չի պատրաստվում։

168.am հետ զրույցում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն ասաց, որ տարածաշրջանում ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար պետք է լսել, թե ինչ են ասում այլ երկրների ղեկավարները՝ Իրան, ԱՄՆ, Ռուսաստան, ինչպես նաև Ալիևին ու Էրդողանին, որոնք իրականությունը չեն թաքցնում։

«Արևմտյան աղբյուրները գրում են, որ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է  դառնում, այս մասին ես ու իմ ընկերները տարիներ շարունակ բարձրաձայնում ենք։ ՀՀ իշխանությունները տարածքներ զիջելով՝ խաղաղություն չեն ստանալու, «խաղաղության դատարաշրջան», «ապագա կա» լոզունգները, բոլորը հիմարություններ են, մենք սրա մասին բազմիցս ասել ենք։ Ադրբեջանը հրաժարվում է  անգամ իր զորքերը դուրս հանել ՀՀ տարածքից, հայտարարարում է, որ սահմանազատումը չի լինելու հին քարտեզներով, իր զորքը պետք է մնա այդ տարածքներում։ Ադրբեջանը չի հրաժարվում նաև «միջանցքից», այս հարցում նրան օգնում է Արևմուտքը, այսինքն՝ այս տարի նրանք կարող են ուժով այդ հարցը լուծել։ Այս հարցում Հայաստանը միայնակ է մնացել, քանի որ Իրանը թուլացել է, Ռուսաստանն էլ շատ ավելի թույլ է հիմա, նա իր շահերն ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,- նշեց Արթուր Խաչիկյանը։

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ օրվա իշխանությունը ոչինչ չի հասկանում պետություն ղեկավարելուց ու դիվանագիտությունից, ամեն ինչ տապալել է ու այժմ խաղաղություն է աղերսում, որպեսզի մնա իշխանության։

Կարդացեք նաև

«Այս իշխանությունը որքան մնա ղեկավարման աթոռին, այնքան ամեն ինչ շարունակելու է տապալել։ Եթե իշխանությունն արժանապատվություն ունենար, ապա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հրաժարական կներկայացներ ու կհեռանային։ Նրանք շարունակում են ամեն ինչ տապալել, որովհետև նրանց համար կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա Կապանում, Գորիսում, Մեղրիում, անգամ Երևանում, կարևորը՝ մնան իշխանության։ Իսկ եթե մի օր Հայաստանը չլինի, իրենց արևմտյան տերերը շատ հարմարավետ վիլլաներ կտան որևէ երկրում, որտեղ նրանք կգնան ու մեմուարներ կգրեն։ Իրենք ստերով են մարդկանց կերակրում, մուրճով են ման գալիս, հայտարարում՝ «ապագա կա, իրենց այս էժանագին փիառներն արդեն ոչ մեկը լուրջ չի ընդունում»,- հավելեց միջազգայնագետը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ Ադրբեջանը հարցերը կլուծի ուժով, քանի որ նրա համար հարմար ժամանակահատված է ստեղծվել, քանի որ Արևմուտքը նրա կողքին է, իսկ Հայաստանին որևէ ռեալ երաշխիք չեն տալիս։

«Ֆրանսիան Հայաստանին սիմվոլիկ ժեստեր է անում, բայց անգամ Մակրոնը Երևան չեկավ։ Երևանին տալիս են «սպիսատ» արած մեքենաներ՝ 23 տարվա, որոնք իրենք չեն օգտագործում, և մեր գրանտակերներին փող են տալիս, որպեսզի շարունակեն իրենց փիառը՝ մշտապես հեքիաթ պատմեն։

Ադրբեջանը հիմա խաղաղության պայմանագիր չի ստորագրի, նա դա ուժով կպարտադրի այն ժամանակ, երբ գրավի Սյունիքը, ստանա «անկլավները», իր դիրքերն ամրապնդի, իսկ Հայաստանը կդառնա անկենսունակ մի տարածք, որտեղ հայերը դուրս կգան ու կգնան օդանավակայան»,- շեշտեց Ա. Խաչիկյանը։

Արթուր Խաչիկյանի մեկնաբանությամբ՝ Եվրոպայից հնչող հայտարարությունները, թե չեն հանդուրժի հարձակումը ՀՀ տարածքային ամբողջականության վրա, սին են, քանի որ նույն հայտարարություններն անում էին նաև Արցախի դեպքում, երբ այնտեղ մարդիկ ցեղասպանվում էին ու բռնի տեղահանվում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Հայաստանը խաղաղության գործընթացում Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ և պատրաստ է փոխադարձաբար նույն երաշխիքը տալ Ադրբեջանին», Արթուր Խաչիկյանը զարմանքով հարց ուղղեց՝ երաշխիքը ո՞րն է, որ Ադրբեջանը թուղթ ստորագրի, որ չի՞ հարձակվի, եթե այո, ապա 2020 թվականի նոյեմբերին էլ էր թուղթ ստորագրել՝ չհարձակվե՞ց։

«Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա թղթերի մասին է խոսում։ Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ միջազգային հարաբերություններում այնպիսի վիճակ է, որտեղ առհասարակ պատրաստություն պետք չէ։ Մարդ, որը չունի նորմալ կրթություն, տապալել է երկիրն ամբողջովին, ինչի՞ց է խոսում, որ դեմոկրատիան մեզ կպաշտպանի՞, նա ուղղակի փրփուրներից է կառչել»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս