ԱԺ նախագահը թքում է, ՔՊ քարտուղարը՝ սպառնում, իսկ իրավապահները նրանց պաշտպանում են․ Իոաննիսյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ամենաթողությունն ու անպատժելիությունը վերացնելու խոստումով իշխանության եկած թավշյահեղափոխականների օրոք այս արատավոր երեւույթները գնալով ծաղկում են:

Իրավապահ մարմինները խստորեն պատժում են օրենք խախտած ընդդիմախոսներին, բայց մեծ սիրով աչք են փակում իշխանության ներկայացուցիչների թույլ տված հանցանքների վրա: Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2023թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ քաղաքացու վրա թքելու աղմկահարույց միջադեպի մասով, ինչպես նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ նախորդ տարի ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասով, սակայն իրավապահ մարմինները երկու դեպքով էլ քայլ չեն ձեռնարկել, ու քրեական հետապնդում չի հարուցվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա։

«Թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Արթուր Հովհաննիսյանը կատարել են քրեական օրենսգրքով արգելված արարք եւ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն, բայց արդարադատության մարմինները՝ ի դեմս ՔԿ-ի, Դատախազության եւ դատարանների, խախտելով օրենքը, ապօրինի պաշտպանության տակ են վերցրել Արթուր Հովհաննիսյանին եւ Ալեն Սիմոնյանին: Այս ամենին կգումարեմ նաեւ Տիգրան Ավինյանի՝ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ նա գնաց Պոլիտեխնիկական համալսարան. այս մասով էլ ենք հաղորդում ներկայացրել, եւ կրկին քրեական հետապնդում չհարուցվեց: Այս դեպքերը գալիս են ցույց տալու, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա»,-ասաց Իոաննիսյանը»:

Տեսանյութեր

Լրահոս