Ֆելոն ներողություն է խնդրում
Հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը galatv.am-ին մեկնաբանել է երեկ «Արմենիա» ՀԸ «Բարի լույս, հայեր» հողորդման շրջանակներում իր կողմից թույլ տված հայտարարությունը այն մասին, թե կամենում է աղցանի եւ բանջարեղենի հանածոները ուղարկել Գյումրի:
Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության մարտի 19-ի «Բարի լույս, հայեր» հաղորդման 56:06-րդ րոպեին աղցան պատրաստող դերասանի կողքին հայտնվում է հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը…
Դերասանը զարմացած դիմում է նրան.
-Ֆելիքս Խաչատրյա՞ն…
Ի պատասխան` Ֆելիքս Խաչատրյանն ասում է.
-Ես մի փոքրիկ բան ասեմ՝ գնամ. բոլոր այդ հանածոները առանձին տեղ հավաքի՝ Լեննական եմ ուղարկելու:
Իսկ դերասան Դավիթ Սեխպեյանը լրացնում է.
-Հեսա՛, Լեննականի համար ես շատ մեծ քանակությամբ պատրաստություն եմ տեսել:
Ֆելիքս Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը փորձել է բառախաղ անել, որը չի ստացվել:
«Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ես որ ասել եմ հանածոներն ուղարկեք Գյումրի, ի նկատի եմ ունեցել ոչ թե ինչ-որ վատ բան, (չեմ հասկանում՝ ես ինչի՞ պիտի այդպես բան անեմ…): Հանածո, որովհետեւ մեջը «ծո» կա, ոչ թե եսիմ ինչ… բառախաղի համար է: Եթե ըտենց վրդովվում են մարդիկ, չե՞ն տեսնում՝ ուրիշ տեղերով ինչեր են ասում, ինչու՞չեն վրդովվում, սպասում են ֆելիքս Խաչատրյանն ինչ-որ բան ասի, վրդովվեն: «Ծո»-ի հետ բառախաղ է եղել: Ուղղակի ես միշտ էլ բառախաղ եմ անում եւ չեմ ուզեցել որեւէ մեկին վիրավորեմ, առավել եւս` գյումրեցիներին: Ես կրկնում եմ՝ ասել եմ «ծո»-ի հետ կապված, ոչ թե հանածոյի, այլ «ծո»-ի:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե, ամեն դեպքում, բառախաղը չստացված է եւ արդյո՞ք չեք պատրաստվում ներողություն խնդրել չստացված բառախաղի համար, որի պատճառով ակամա վիրավորել եք, Ֆելիքս խաչատրյանը պատասխանեց.
«Ում ակամա վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, բայց ես որեւէ մեկին ակամա էլ չեմ վիրավորել, հատուկ էլ չեմ վիրավորել, վիրավորելու միտում չեմ ունեցել, առավել եւս` գյումրեցիներին»: