Թաքցվել է 66.1 մլրդ դրամի իրացման շրջանառություն, պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ

Հայաստանում 2023 թ. ընթացքում հայտնաբերված սերվերային համակարգում առկա տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է 66.1 մլրդ դրամի թաքցված իրացման շրջանառություն, պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ, որից 2023 թ. վերականգնվել է 8․9 մլրդ դրամը:

Նիկոլ Փաշինյանին այս մասին են զեկուցել հունվարի 19-ին Պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի՝ 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկմանը:

Զեկուցվել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների գնահատման ավտոմատացված համակարգը: Առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմվել է նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների միջոցով: Միջազգային առաջավոր փորձի հիման վրա ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ու մաքսային կարգապահական ռիսկերի կառավարման համակարգը, որը շարունակաբար կատարելագործվում է: Շարունակաբար կատարելագործվում է նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը. 2023թ.-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է տրամադրվել 81 տնտեսավարող սուբյեկտի: Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ունեցող հարկ վճարողների նկատմամբ մաքսային մարմնի կողմից մեղմ վարչարարություն իրականացնելու վերաբերյալ ընդունվել են նոր որոշումներ:

Խորհրդակցությանը ներկայացվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023-ին իրականացված աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս