Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 3-ի շինարարական աշխատանքները 50 տոկոսով համաֆինանսավորելու հարցը
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն, այսօր՝ մարտի 19-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի/ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի պատասխանատու Արտո Ահոնենի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ներկա ընթացքը, Առաջին եւ Երկրորդ տրանշերի միջոցառումների կատարումը:
Գագիկ Բեգլարյանը կարեւորել է Տրանշ 3-ի տեխնիկական եւ թղթաբանական աշխատանքների արագ կազմակերպումը:
«Եվրոպական ներդրումային բանկը /ԵՆԲ/ հաստատել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 3-ի շինարարական աշխատանքները 50 տոկոսով համաֆինանսավորելու հարցը: Այժմ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական եւ փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու եւ Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Մեզ համար անչափ կարեւոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը, որպեսզի Առաջին եւ Երկրորդ տրանշերի աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները Երրորդ եւ Չորրորդ տրանշերում չլինեն։ Ամեն ինչ պետք է կազմակերպել այնպես, որ արդյունքում ունենանք որակով աշխատանք»,-ընգդգծել է Գ. Բեգլարյանը:
Արտո Ահոնենը տեղեկացրել է, որ ԵՆԲ-ի հետ Հյուսիս-հարավ ծրագրի հատվածների եւ նախահաշիվների շուրջ արդեն համաձայնության են եկել:
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է նաեւ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի նոր պատասխանատուին՝ Պրիանկա Սենեվիրանտեին, ով կփոխարինի Արտո Ահոնենին:
Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Արտո Ահոնենին արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնեց, որ այն կշարունակվի նաեւ նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում: