Անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը՝ Փաշինյանը. հարցեր՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին
Հարց 1.
Լուսինե Կիրակոսյան – Արմեն Աշոտյանն ինչպե՞ս է դիմավորել Ամանորը բանտախցում։
Արմեն Աշոտյանի պատասխանը – Ամանորն ընտանեկան առիթ է, և թեպետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով և անբարոյականության պատճառով, արդեն 7 ամիս է, ինչ ընտանիքիս կողքին չեմ, այնուամենայնիվ միայն ֆիզիկապես եմ եղել բանտախցում։ Հոգով, մտքով, սրտով թե՛ այդ օրը, թե՛ Սուրբ Ծնունդն անցկացրել եմ երեխաներիս կողքին, ընտանիքիս հետ։
Սեղանին եղել է մի փոքր քանակի միրգ, քաղցրավենիք, չրեղեն։ Հեռուստացույցով լսել եմ Վեհափառ Հայրապետի խոսքը։ Անմիջապես 12-րդ զարկից հետո աղոթել եմ իմ ընտանիքի և իմ Հայրենիքի համար։ Շնորհավորել եմ հարկում հերթապահություն իրականացնող հսկիչներին։
Հարց 2.
Կարեն Մեսրոպյան – Նիկոլն աշխատանքից ազատել է Լոռու մարզպետին, առհասարակ Նիկոլը խառն է։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։
Արմեն Աշոտյանի պատասխանը – Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում խոստացած, այդքան ստորություններ և մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած, «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը նախևառաջ իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաև՝ ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսևորում է քաղաքական կենսունակության ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ուստի անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը։ Որոշակի տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային ջարդի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա։
Հարգանքով՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.01.2024թ.