Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման ընթացքում երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն:
«Մեր քննարկումների արդյունքում եկանք այն համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս: Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ստեղծվի, ու այն ամբողջությամբ փակելու կարիք չի լինի»,-ասաց Գեղամյանը:
Նա նշեց, որ կամրջի շինարարությունը ի սկզբանե կազմված է եղել երկու փուլից, և առաջին փուլի աշխատանքները սկսվել են 2023 թվականից: Գեղամյանի խոսքով՝ որոշ աշխատանքներ, որոնք նախատեսված են եղել առաջին փուլով, չեն կատարվել, քանի որ դրանք կապված են եղել երեսպատման հետ, և, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, հնարավոր չի եղել իրականացնել։ Այդ աշխատանքները նույնպես կշարունակվեն 2024 թվականին:
«Կամրջի ներքին հատվածի աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են, որոնք այս տարի ևս շարունակվելու են: Այս պահին սպասում ենք երկրորդ փուլի համաձայնագրի կնքմանը, որպեսզի շինարարները շարունակեն աշխատանքները:
Աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ այս պահին փաստաթղթային համաձայնագրի կնքումը տարբեր գործընթացներից է կախված, այդ թվում՝ բյուջեի հաստատումից»,- ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նա հավելեց, որ կամրջի վրա երկրորդ փուլով նախատեսվում է վերանորոգում իրականացնել երթևեկելի մասում, նախատեսված է նաև ասֆալտբետոնե ծածկույթ: Վերանորոգման շրջանակում իրականացվելու է նաև թռիչքային կառուցվածքների արտաքին մակերեսների, ինչպես նաև անցման կետերի երթևեկելի տարածքների վերանորոգում:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կամրջից ինքնասպանության փորձերը կանխարգելելու ուղղությամբ նոր քայլեր իրականացվելու ե՞ն, Գեղամյանը պատասխանեց, որ հավելյալ կոնստրուկտիվ փոփոխություններ կամրջի վրա նախատեսված չեն:
«Ճաղավանդակներ արդեն իսկ կան և նորերի տեղադրում առայժմ նախատեսված չէ, իսկ նշված ինքնասպանության փորձերը կանխելու մասով նշեմ, որ կամուրջների վրա ոստիկանության կողմից կա մշտական հսկողություն»,- եզրափակեց նա:
Գայանե Գաբոյան