Պատերազմի դադարը միայն օգուտ կտա Ռուսաստանին. Զելենսկին Տալլինում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Էստոնիա կատարած այցի ժամանակ դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների դադարին՝ ասելով, որ նման դադարը միայն օգուտ կբերի Մոսկվային։
Մամուլի ասուլիսում Զելենսկին պատասխանել է այն հարցին, թե արդյոք նման դադարը ձեռնտու կլինի Ուկրաինային, ինչը կարող է մեծացնել զենքի պաշարները։ Նա նշել է, որ հրադադարը, որը չի հանգեցնի քաղաքական երկխոսության պատերազմին վերջ տալու համար, «միայն կօգնի» Ռուսաստանին, քանի որ վերջինս, ըստ նրա, այժմ անօդաչու սարքերի, հրետանու և հրթիռների մեծ պակաս է զգում։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը ստիպված է զենք գնել Իրանից և Հյուսիսային Կորեայից, քանի որ «ժամանակ չունի» սեփական արտադրություն հիմնելու համար։ «Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ պակասությունները ազդում մարտի դաշտում նրանց դիմադրողականության վրա: Դադա՞ր տալ, ռիսկի՞ դիմել, 2, 3 տարի տալ Ռուսաստանի՞ն: Դրանից հետո նա կարող է տրորել մեզ: Մենք այդ ռիսկին չենք դիմի»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ, իր դիտարկումներով, ռուս բնակչության շրջանում Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցությունը չի աճում։ Նրա կարծիքով, ռուսները «սկսել են զգալ այս պատերազմը և իրենց նկատմամբ պատժամիջոցները»։