Փաշինյանը դարձել է քայլող Perfect TV. անհամբեր սպասում եմ Դոգի ոճով նրա առաջին լայվին. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց՝ ծիծաղելի է, թե ինչպես են Փաշինյանն ու իր ՔՊ-ականները Երևանում հավաքվում ու տեսախցիկներով, երբեմն էլ՝ առանց տեսախցիկների, զբաղվում ինքնիշխանությամբ։
«Այս ամենից հետո գնում են տարբեր երկրներ ու սկսում հաճոյանալ իրենց տերերին՝ մեջբերել ԵԱՏՄ կանոնադրությունը, բացատրելու համար այլ մարզիչների ու տերերի, թե ինչու են այդ պահին գտնվում այնտեղ։ Իսկ այստեղ որոշներին լարել ու պուլտով, նայած, էլի՝ ՔՊ-ական կա, որ լարովի է, ՔՊ-ական էլ կա, որ պուլտով է աշխատում, միացնել ու կոչ անել այս կամ այն երկրի դեմ քարոզ կարդալ։ Բոլոր այդ քարոզ կարդացողներին խորհուրդ եմ տալիս նորից նայել երեկ Հայաստանի հասցեին արված որոշ հայտարարություններ, այդպես մեր երկրի հետ երբեք չեն խոսել։ Այդկերպ խոսելու իրավունք ոչ մեկը չունի, որովհետև Փաշինյանը Հայաստան չէ։ Փաշինյանի հետ կարող եք խոսել՝ ինչպես ուզում եք, թե՛ տեսախցիկների առաջ, ու ես պատկերացնում են, թե ինչ է կատարվում տեսախցիկներն անջատելու ժամանակ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա զավեշտալի համարեց նաև իշխող թիմի՝ միմյանց հետ չհամաձայնեցրած հայտարարությունները, շեշտելով, որ այդ թիմից այս տարի առնվազն երեք անգամ լսել են երեք տարբեր թիվ, թե ՀՀ սուվերեն տարածքից ինչքան հատվածն է գտնվում ադրբեջանական վերահսկողության տակ։ Եղել են տարբեր թվեր՝ ՊՆ-ից, Փաշինյանից, պատգամավորներից և այլն։
Այնուհետև ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը խոսքն ուղղեց ՔՊ-ականներին, ասելով.
«Ուզո՞ւմ եք, իրար մեջ պայմանավորվեք՝ նոր խաբեք ժողովրդին։ Մեկ այլ զավեշտ է, երբ խոսում են, թե երբ է հանձնվել Արցախը՝ 3-4 տարբեր թվեր են հնչում։ Հավաքվեք իրար գլխի, ստերն իրար հետ սինխրոնացրեք։
Փաշինյանն ինքը տեղով դարձել է քայլող «Perfect TV», գնելները, չիբուխչյանները և նմանօրինակները չեն բավականացնում, ու Փաշինյանն ինքն է սկսել կատարել «Perfect TV»-ի դերը։ Ես անհամբեր սպասում եմ, թե երբ է լինելու Փաշինյանի՝ Դոգի ոճով լայվը, իսկ դրան երկար չի մնացել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում