Եթե դու հրանոթի ձայնը չես տարբերում, դեր խաղալով՝ զինվորական լիդեր չես դառնա. Արթուր Աթանեսյան
«Ամերիկացին, ինչպես և հայաստանցին, տարված է շոուով և շոուի մեջ այդ մարդու՝ խաղալու կարողությամբ: Խաղում է Բայդենը, շատ-շատ է խաղում Փաշինյանը, խաղում է Զելենսկին: Ընդ որում, իրենք խաղում են այնպիսի դերեր, որոնց համար ո՛չ սովորել են, ո՛չ փորձ ունեին: Զելենսկին խաղում էր զինվորական առաջնորդի դեր, բայց խաղալով՝ չի դառնա զինվորական: Պիտի ծառայես և կռվես»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ևս խաղացել է թե՛ տնտեսական, և թե՛ զինվորական առաջնորդի դեր:
«Զինվորականի դեր խաղալով՝ նա պարտության է մատնել մեր բանակը: Ռազմական միջավայրում տանել չեն կարող, երբ ոչ զինվորականը խաղում է զինվորական, և սա իրենց ներքին մշակույթն է: Դու գալիս ես ու հրամաններ ես արձակում՝ չլինելով զինվորական: Եթե դու չես քնել զորամասերում, չես կերել, ինչ բոլորն են ուտում, եթե չես տարբերում հրանոթների ձայնը ու չես հասկանում՝ ինչ է կրակում, եթե դու չես կարող կառավարել տղամարդկանց խումբ, դու չես կարող խաղալ այդպիսի դեր»,- ասաց սոցիոլոգը:
Վերջինս նշեց՝ հիմա, ցավոք, միտումն է այդպիսին՝ իրական լիդերներին փոխարինել խաղացող լիդերներով:
«Մենք եղել ենք կայուն պետություն, հիմա միտումն այդպիսին է»,- ասաց Արթուր Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: