Ռազմավարական պլանավորման փոխարեն՝ մարազմատիկ մտասևեռում

Քիչ թե շատ նորմալ երկրները պետական ու հանրային կառավարման բնագավառում առաջնորդվում են ռազմավարություններով։

Ռազմավարությունների պլանավորումը, գնահատումը, իրավիճակային ադապտացիան և մի շարք այլ պարտադիր քայլեր պետական ու ռազմավարական կառավարման կարևորագույն գործառույթներ են, առանց որոնց՝ կենսունակ չեն կարող լինել ոչ միայն պետությունները, այլև անգամ միջին ու խոշոր կազմակերպությունները։

Որպես կանոն, ռազմավարությունների մասին քննարկումները ծավալվում են տարեսկզբին՝ սահմանելով այն ընթացիկ, կարճաժամկետ ու միջնաժամկետ անելիքները, որոնք պետությունները նախանշում են իրենց առջև դրված երկարաժամկետ նպատակներին, ավելի լայն իմաստով՝ տեսլականներին հասնելու համար։

Դա, սակայն, վերաբերում է գոնե նվազագույն լրջություն ու ադեկվատություն ունեցող երկրներին։ Հայաստանի պարագայում ռազմավարության, ռազմավարական պլանավորման մասին խոսակցությունը ողբերգականորեն ծիծաղելի է, որովհետև ավելի նախընտրելի է անգամ ռազմավարության բացակայությունը, քան այն, ինչ ներկայացնում է՝ որպես ռազմավարություն։

Կարդացեք նաև

Արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանի ողջ պետական կառավարման համակարգը, դիվանագիտական կորպուսը, մնացած ինստիտուտները լծվել են «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագծի բովանդակային արշավին։

Ընդհանուր առմամբ, հենց այդ նախագիծն այն է, ինչը ներկայումս Հայաստանի համար հանդես է գալիս՝ որպես ռազմավարություն կամ ռազմավարական տեսլական։ Խնդիրն այն է, սակայն, որ դա ոչ թե ռազմավարություն է՝ դասական իմաստով ու դրան ներկայացվող դասական պահանջների պահպանմամբ, այլ՝ ընդամենը Նիկոլ Փաշինյանի մտասևեռման արտահայտություն։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում բացակայում է աշխարհաքաղաքական զարգացումների որևէ վերլուծություն, տնտեսագիտական որևէ հաշվարկ, կարճաժամկետ, միջնաժամկետ ու առավել ևս՝ երկարաժամկետ գնահատում, դրա իրականացման լավատեսական, հոռետեսական, իրատեսական սցենարների հավանականությունների կանխատեսում, և այդպես շարունակ։

Այդ նախագիծը, մեծ հաշվով, սկսվում և ավարտվում է այն գունագեղ համակարգչային գրաֆիկայով, որը շտապում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը՝ առաջին պատահած ազատ դահլիճում։

Աշխարհով մեկ սփռված Հայաստանի դիվանագետներն էլ՝ առանց անձնական և մասնագիտական ամոթի, պիցցայի առաքիչների հանգույն՝ զբաղված են այդ նույն գրաֆիկայի տպագիր բուկլետները բաժանելով։

Սա որքան տարօրինակ ու ամոթալի, նույնքան էլ բնականոն իրավիճակ է, քանի որ պետության ռազմավարությունը չի կարող հիմնված լինել առանձին վերցրած մեկ անձի, թեկուզ և ամենաբարձրաստիճան, ցանկությունների, երևակայության, առավել ևս՝ մարազմատիկ մտասևեռումների վրա։

Բայց Հայաստանի համար սա այլևս օրինաչափ իրավիճակ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը սեփական մտասևեռումները որպես ռազմավարություն ներկայացնելու հարուստ փորձ ունի․ 2020 թվականի ամռանը նա հրապարարկեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը 5 միլիոն բնակչություն ունենալու, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ աշխարհի  կամ Եվրոպայի մրցանակակիր դառնալու և այլ ցնորամիտ նպատակադրումներով։

Մի քանի շաբաթ անց սկսվեց Արցախյան պատերազմը՝ իր ողբերգական հետևանքներով։

Ի՞նչ ռիսկերով ու վտանգներով է հղի փաշինյանական նոր մտասևեռումը որպես պետության ռազմավարություն ներկայացնելու հերթական փուլը՝ սարսափելի է անգամ պատկերացնել։

Մինչդեռ պատկերացնելու դեպքում հասարակությունը գուցե կզգա սեփական սխալը և, ի վերջո, ոչ թե երևակայական, այլ իրական քայլեր կձեռնարկի՝ վերջ դնելու այն իրականությանը, որում պետությունն ապրում ու զարգանում/կործանվում է առանձին վերցրած մեկի մտասևեռման համար ու դրա պատճառով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս