Ադրբեջանն օրակարգից չի հանում ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը. ժամանակը պետք է ճիշտ ընտրել, որ «ռևանշիստական» ուժերը չշահեն

Ադրբեջանական քարոզչամեքենան ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը:

168.am-ն այս թեմային անդրադարձել էր դեռ հոկտեմբեր ամսին:

Այդ ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր.

«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении):

Կարդացեք նաև

Ավելի վաղ մեկ այլ առիթով ադրբեջանցի դիվանագետը շեշտել էր, որ «Ալմաաթյան հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

Վերադառնանք բուն թեմային և նշենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածից և դրանում ներառված փորձագետների տեսակետներից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը թեև չի հրաժարվում ՀՀ սահմանադրությունը փոխելու «պահանջից», բայց դրա հետ կապված որոշակի վախեր ունի այս պահի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր ներքին սպառնալիքների առումով:

Մասնավորապես, մի կողմից՝ ադրբեջանցի հոդվածագիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և ՀՀ տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնի, որին, չգիտես՝ ինչու, չի գնում՝ առաջ բերելով մտահոգություններ, թե հնարավոր է՝ մի օր ՀՀ հաջորդ իշխանությունները հրաժարվեն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Մյուս կողմից՝ ուկրաինացի վերլուծաբան Օլեգ Կուպչիկի միջոցով գեներացնում է միտքը, թե ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար հանրաքվեի գաղափարը կարող է օգտագործվել Կրեմլի կողմից, ավելին՝ բարենպաստ պայմաններ ստեղծել նոր և թեժ բողոքի ակցիաների համար: Ուստի, ըստ Կուպչիկի, Փաշինյանը չպետք է շտապի հանրաքվեի անցկացման հարցում:

Վերլուծաբանն այս համատեքստում նշում է, որ ՀՀ կառավարության արևմտամետ քաղաքական կուրսը, ըստ էության, ձեռնտու է Ադրբեջանին, իսկ ՀՀ ղեկավարության մեջ ռուսամետ գործիչների հայտնվելը կարող է հանգեցնել ռևանշիստական քաղաքականության՝ տարածքային նկրտումների առումով:

Ադրբեջանական լրատվամիջոցի հոդվածում հիշատակվում է 1990 թվականի օգոստոսի 23-ի ՀՀ անկախության մասին հռչակագիրը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստան-Արցախ վերամիավորման ակտը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. 

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է թե՝ 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով: Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ անկախության հետ կապված հռչակագրային և սահմանադրական փոփոխությունների հարցում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի դիրքորոշումները ևս համընկնում են:

Եվ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի համար ձեռնտու քաղաքական հարմար պահի Փաշինյանը լծվի նոր Սահմանադրություն գրելու գործին, գուցե Խաղաղության պայմանագրի կնքումից հետո: Ո՞վ գիտի, հնարավոր է՝ նման գաղափար արդեն իսկ թղթի վրա կա: Ի վերջո, նա սիրում է ամեն ինչ սկսել զրոյական կետից, այլ հարց է, թե որքանով են դրա հետևանքները բխում ՀՀ անվտանգային շահերից:

Տեսանյութեր

Լրահոս