Բաժիններ՝

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցահանդես

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում դեկտեմբերի 12-ին բացվել է «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ։

Ցուցահանդեսին ներկայացված էին Քաշաթաղի (Լաչին) շրջանի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ հնամյա կամուրջների, եկեղեցիների, խաչքարերի, ամրոցների ու բերդերի լուսանկարներ, որոնք հեղինակել է շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը։

Ցուցահանդեսի բացմանը, Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը, նախ նշեց, որ այս տարի լրանում է շրջանի ստեղծման 30-ամյակը՝ համոզմունք հայտնելով, որ այն Արցախյան շարժման ծնունդ էր։

«Այն, ինչ կորցրել ենք, դա մնացել է մեր հոգիներում, մնացել է մեր հիշողության մեջ։ Թարմ է, բայց հետո տարիներ էլ անցնեն, միևնույնն է, կմնա մարդկանց հիշողության, հոգու մեջ, կհարատևի պատմության մեջ»,-ասաց նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանն անդրադառնալով ցուցահանդեսի մտահղացմանը, կառույցը տարիներ շարունակ համագործակցելով տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, հանրահռչակում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները։

Նրա խոսքով՝ Զոհրաբ Ըռքոյանի հետ համագործակցության արդյունքում բացահայտել են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությունը՝ հատկապես Քաշաթաղի շրջանում։

«Հաշվի առնելով շրջվարչակազմի ստեղծման 30-ամյակի լրանալը և , որ հանրության մեջ շատ քչերն են ծանոթ այդ հուշարձաններին և պատմամշակութային ժառանգությանը, որոշեցինք ցուցահանդեսների շարք ստեղծել և իրականացնել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի այս կամ այն շրջանին։ Առաջինը որոշեցինք Քաշաթաղից սկսել, որովհետև նյութերն ունեինք և կարող էինք ավելի արագ անել։ Սա է եղել նպատակը՝ հանրահռչակել պատմամշակութային այն ժառանգությունը, որ մենք ունենք»,-ներկայացրեց Զաքյանը՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսին ներկայացված է 138 թեմատիկ լուսանկարներ։

Նա մանրամասնեց, որ ցուցահանդեսը նախաձեռնության առաջին փուլն է, այնուհետև նախատեսում են ցուցադրությունն ավելի ինտերակտիվ դարձնել՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համացանցային հարթակում տեղադրելով այն լուսանկարները, որոնք կուղարկվեն։

Լուսանկարների հեղինակ Զոհրաբ Ըռքոյանի խոսքով՝ ցուցադրությանը ներկայացվել է իր արխիվի մի մասը։

Ըստ նրա՝ Քաշաթաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարներն ընտրվել են հաշվի առնելով այն հանգամանքը, որ այցելուներն հնարավորին լայն պատկերացում կազմեն շրջանի մասին։

Հեղինակի տեղեկատվությամբ արտացոլված նմուշներից ամենահինը նախաքրիստոնեական շրջանի հուշարձաններ են՝ ժայռապատկեր, վիշապաքար, ամրոցներ։

Ցուցահանդեսը բաց կլինի երկու ամիս, որի շրջանակներում, կազմակերպիչների հաղորդմամբ, նախատեսվում են նաև կրթական ծրագրեր, բաց-դասեր հուշարձանների, ավանդազրույցների ու պատմության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս