Հունգարիան հասավ նրան, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթում չներառվեն նավթն ու «Պակշ -2» ատոմակայանը
Հունգարիան Եվրամիությունից երաշխավորություն է ստացել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը չի ներառի «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների արգելքը, միջուկային էներգիայի սահմանափակումները և միջազգային ֆինանսական գործարքների հետագա սահմանափակումները։
Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բրյուսելում մասնակցել է ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինային օգնություն տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունելու հարցերը։
«Մենք մերժել ենք «Դրուժբա» նավթամուղով մատակարարվող ռուսական նավթի վրա արգելք դնելու ջանքերը», – հանդիպման ժամանակ ասել է Սիյարտոն: Նրա խոսքով՝ Հունգարիան կհամաձայնի պատժամիջոցների 12-րդ փաթեթին միայն այն դեպքում, եթե նավթավերամշակման գործարանները շարունակեն մատակարարվել նշված խողովակաշարով:
Բացի այդ, Հունգարիան մերժել է միջուկային էներգիայի հետ կապված պատժամիջոցների բոլոր առաջարկները, և «Ռոսատոմ»-ի օգնությամբ իրականացվող «Պակշ-2» ատոմակայանի կառուցման նախագիծը չի ենթարկվի որևէ սահմանափակման։