Վերին Լարսում ստեղծված իրավիճակը նոր չէ ու քաղաքական ենթատեքստ չունի. Արթուր Հաբեշյան
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնատարների երթևեկության հետ կապված խնդիրները կապված են եղանակային պայմանների հետ, արտասովոր ոչինչ չկա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կարգո Էքսպրես» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանը։
«Եղել է ժամանակ, երբ երթևեկությունը փակվել է մեկ ամսով եղանակային վատ պայմանների պատճառով, այս տարի առավելագույնը մեկ շաբաթ է եղել։ Եթե համեմատություն անենք վերջին 3 ամսվա կտրվածքով, ամենաերկարը մոտ 5 օր է եղել»,- ասաց Հաբեշյանը։
Հավելեց՝ ուժեղ ձյուն է տեղում, ձնահոսքի վտանգ կա, և ճանապարհը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Նշենք, որ բազմաֆունկցիոնալ ավտոմոբիլային անցակետում կանգնած մոտ 1500 հայկական բեռնատարների մասին լուրից հետո սոցցանցերում սկսել են ակտիվորեն տարածվել տեղեկություններ այն մասին, որ անցումը փակ է իբր քաղաքական նկատառումներով և ռուսական կողմից արհեստականորեն առաջացած խնդիրների պատճառով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն հերքել է իրավիճակի քաղաքական ենթատեքստը: Իր հերթին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելել է, որ ճանապարհի փակումը Հայաստանի վրա չի ազդի, եթե բոլոր հայերը գնեն բացառապես հայկական արտադրանք:
«Մեզ մոտ սիրում են քաղաքականացնել ամեն ինչ, այլ տեսանկյունից նայել, բայց հաշվի առնենք մի բան՝ ճանապարհը փակ է ոչ միայն հայկական բեռնատարների համար, այլև անցակետից օգտվող բոլոր երկրների համար։ Սա նորմալ և ամեն տարի կրկնվող երևույթ է»,- շեշտեց Հաբեշյանը։
Նա նաև կարծում է, որ այսօր կարելի է հեշտությամբ ստուգել և համոզվել, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով:
Հիշեցնենք, որ Վրաստանից դեպի Ռուսաստան Վերին Լարսով ճանապարհը ձմռանը փակվում է ամեն տարի վատ եղանակային պայմանների, մասնավորապես, Մցխեթա – Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով:
Հաբեշյանն անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։ Ըստ նրա՝ Հայաստանը կարող է ձմռանը մասամբ լուծել Լարսի խնդիրը, եթե հաջողվի կրճատել Ռուսաստանից և այլ երկրներից արտահանման մասնաբաժինը սեփական արտադրանքի ինքնաբավության բարձրացման հաշվին: Նա նաև կարևոր է համարում դիվերսիֆիկացման այլընտրանքային ուղիների և շուկաների որոնումը:
Հաբեշյանը նշեց, որ հայկական փոխադրողներն արդեն հարմարվել են Վերին Լարսում տիրող իրավիճակին և ելք են գտել ավելի բարդ պայմաններից: