Բաժիններ՝

Բայդենը կրկնել է Սի Ծինփինի հասցեին հնչեցրած իր հայտնի արտահայտությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հյուրընկալել էր իր չինացի գործընկերոջը՝ Սի Ծինփինին՝ Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու կայացած Ասիական-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության (APEC) գագաթնաժողովի շրջանակում:

Բայդենի ու Ծինփինի միջև կայացած բանակցությունները դիտորններն առանց վարանելու կոչեցին Արևմուտքի ու Արևելքի հանդիպում՝ Վաշինգտոնի ու Պեկինի միջև գրեթե մեկ տարի տևած դիվանագիտական լարվածությունից հետո։

Կարևոր այդ հանդիպման համար Սպիտակ տունը հատուկ մի վայր էր ընտրել Սան Ֆրանցիսկոյից դուրս՝ բանակցությունների օրակարգում ընդգրկելով Թայվանի խնդիրը, ռազմական ոլորտում հաղորդակցության վերականգնմանը, առևտրի բնագավառում առկա տարաձայնություններին, ֆենտանիլի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Բայդենի խոսքով, Ծինփինի հետ բանակցություններում ինքն անկեղծ է եղել։

Հետ չկանգնելով Չինաստանի ղեկավարի հասցեին հնչեցրած «բռնապետ» արտահայտությունից՝ ԱՄՆ նախագահը խոսել է ամերիկա-չինական հարաբերություններից։

Իր հերթին՝ Չիանստանի նախագահը խոսել է երկու ժողովուրդների միջև առկա ամուր կապերի մասին։

«Երկու խոշոր երկրները՝ Չինաստանն ու Միացյալ Նահանգները չեն կարող երես թեքել միմյանցից: Անհնար է, որ մեկը փոփոխի մյուսին։ Հակամարտությունն ու առճակատումը երկու կողմերի համար էլ կարող են անտանելի հետևանքներ ունենալ»,- հայտարարել է Չինաստանի նախագահը:

Արդյո՞ք աշխարհի հզորագույն երկու երկրների նախագահներին հաջողվել է հարթել սուր տարաձայնությունները։

Հանդիպումից հետո Բայդենը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ծինփինը, ըստ իր սովորության, խուսափել է այդ անել։

«Ողջունելի են այն դրական քայլերը, որ այսօր արել ենք: Աշխարհի համար կարևոր է տեսնել, որ կյանքի ենք կոչում սա՝ ամերիկյան դիվանագիտության լավագույն ավանդույթների համաձայն: Մենք խոսում ենք մեր մրցակիցների հետ, և սա համաշխարհային կայունությունն ու Ամերիկայի ժողովրդի [շահերին] հետամուտ լինելու կարևոր տարր է»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Այսքանով հանդերձ՝ Բայդենը կրկնել է Սի Ծինփինի հասցեին հնչեցրած իր հայտնի խոսքը․ «Դե այո, նկատի ունեմ, որ նա բռնապետ է…»։

Դիտորդների մեծ մասը, սակայն, առանձնապես հույսեր չէր կապում Բայդեն-Ծինփին այս հանդիպման հետ՝ կարևորելով զուտ հանդիպման փաստը։

«Նախագահներ Բայդենի և Ծինփինի շփումները կարևոր են, քանի որ այն պետք է հստակ ուղերձ հղի, որ կարող ենք միասին աշխատել և վստահել միմյանց՝ լուրջ խնդիրների լուծման ժամանակ՝ կլիմա, Ուկրաինա, Գազա»,- նշել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը:

Դիտորդները գրեթե համակարծիք են՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած Ասիական-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի հաջողությունը մեծապես կախված է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների փոխհամաձայնությունից:

«Կարևոր հանդիպում էր նախագահ Բայդենի և նախագահ Ծինփինի միջև, որի հիմնական նպատակն էր կայունացնել հարաբերությունները՝ առաջ շարժվելով դեպի 2024 թվական: [Ասիական-Խաղաղօվկինոսյան տարածաշրջանի] երկրները ցանկանում են, որ ԱՄՆ-ը և Չինաստանը ունենան կայուն հարաբերություններ՝ հատկապես գալիք տարվա հունվարին Թայվանում, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ»,- կարծիք է հայտնել Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Մայքլ Ֆրոմանը:

Բայդենի խոսքով, ինքն ու Ծինփնինը շարունակելու են շփումն ու համագործակցությունը, և աշխարհը հենց դա է ակնակալում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս