ԻՄ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Ավետիք Իշխանյանը գրում է. «ԻՄ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին,ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։
Ծանուցագրում գրված է․ «facbook.com» սոցիալական կայքում 2019թվականի սեպտեմբերի 19-ին կատարված հրապարակման հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի թ-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված թիվ 59109523քրեական վարույթով, ՀՀ քրեական դատավարության 149-րդ, 150-րդ, 152-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված կարգով Դուք 2023թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, որպես վկա հարցաքննության համար անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանի մոտ՝( ք․ Երևան, Պարույր Սևակ 4, հետ․ 010-23-08-01)։
Օբյեկտիվ պատճառով, հնարավորություն չունենալով գնալ հարցաքննության, իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջոցով, առաջարկել ենք հետաձգել հարցաքննությունը։
Ամեն դեպքում, որոշեցի հրապարակայնացնել ինձնից սպասվելիք ցուցմունքը։ Ըստ էության, ես պետք է որպես վկա ցուցմունք տամ իմ իսկ գրառման մասին, այսինքն՝ ինքս իմ դեմ։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի վկան իրավունք ունի ․ « հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ»։
Սակայն ես այդ կետից չեմ օգտվում, բայց և հրապարակայնորեն հրաժարվում եմ քննիչ Ա․ Խաչատրյանի հարցերին պատասխանելուց։ Ահա իմ, նույնպես հրապարակային ապագա միակ գրավոր ցուցմունքը․
«Պարոն Ա․ Խաչատրյան, ես հրապարակայնորեն հրաժարվում եմ Ձեր հարցերին պատասխանելուց։ Դուք, ինչպես նաև քննչական կոմիտեի բոլոր քննիչները, Ձեր ղեկավարով հանդերձ, ինքնուրույն չեք, այլ միայն կատարում եք ՀՀ վարչապետի հրահանգները։ Չնայած, Դուք, բոլոր քննիչներդ, հավանաբար ունեք բարձրագույն իրավաբանական կրթություն և ուսման տարիներին սովորել եք, թե ինչ է իրավական պետությունը, իշխանությունների տարանջատումը և ստացել եք մասնագետ-իրավաբանին անհրաժեշտ այլ գիտելիքներ նույնպես, այսօր այդ ամենը մի կողմ դրած, պատվերով քրեական գործեր եք հարուցում։Այնպես որ, ես Ձեզ բացարձակապես չեմ վստահում և չեմ հավատում, որ Դուք կիրականացնեք անաչառ քննություն։ Եթե Դուք իսկապես՝ մասնագիտական պատվով և խղճով իրավաբան լինեիք, ապա կհրաժարվեիք սույն գործի քննությունից և հրաժարական կտայիք ՀԿԳ քննիչի Ձեր պաշտոնից։ Իսկ թե իմ ֆեյսբուքյան, սեպտեմբերի 19-ի գրառմամբ․ «Մահ դավաճաններին», ինչ և ում եմ նկատի ունեցել, այդ մասին ես կհայտարարեմ դատարանի դահլիճում։ Դատարանի դահլիճում իմ ապագա ելույթը ոչ թե ուղղված կլինի դատարանին, արդարացման կամ մեղմ պատժի ակնկալիքով, այլ Հայաստանի հասարակությանը։ Իսկ թե ինչ որոշում կընդունի դատարանը, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»: