Բաժիններ՝

Նրանք պայքարում են «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար

Երկու օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի կունենա «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Այսօր ասուլիսի ընթացքում մրցույթին հայտ ներկայացրած Պարգև Ստեփանյանն ու Արայիկ Կարապետյանը նշեցին, որ արգելոցում թիմային աշխատանք է պետք:

Պարգև Ստեփանյանը, ով Երևանի Ագրարային համալսարանում աշխատում է որպես դասախոս, նշեց, որ շատ լավ ճանաչում է «Խոսրովի անտառ» արգելոցը, որոշ ժամանակ աշխատել է տարածքում՝ որպես անասնաբույժ: «Սրբավայր ենք համարում: Խոսրով թագավորը ստեղծել է, և գիտեի՝ լավ պահպանվում է: Վերջին դեպքերից հետո ես արդեն ինձ տրամադրեցի, որ մի բանով օգտակար լինեմ: Հիմա կապ չունի՝ ես կանցնե՞մ մրցույթով, թե՞ չեմ անցնի, հասարակական կարգով էլ պատրաստ եմ օգտակար լինել, իսկ եթե անցնեմ, նպատակներ, ծրագրեր կան, որ կարելի է իրականացնել»,- ասաց նա:

Պարգև Ստեփանյանը կարծում է, որ արգելոցում թիմային աշխատանք է պետք տանել: «Մի մարդով ոչինչ չի լինի»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե 1-2 էջի սահմաններում ներկայացրել է նախարարությանը, թե ինքն ինչ անելիքներ ունի արգելոցում:

Իսկ Արայիկ Կարապետյանը նշեց, որ ինքը կառավարման ոլորտի մասնագետ է, այժմ մասնավոր ընկերությունում աշխատում է՝ որպես փոխտնօրեն: «Խոսրովի հետ կապված՝ կարող եմ ասել, որ այդ աշխատանքը թիմային աշխատանք է: Մեկ մարդը միայնակ չի կարող իրականացնել: Նրան պետք են հատուկ աջակիցներ թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից»:

Նա ասաց, որ թեկնածուների շանսերը հարաբերական են: Հարցին՝ պատրա՞ստ եք պայքարել օլիգարխների դեմ, որոնք կարող է արգելոցում որս անելու ցանկություն ունենան, Արայիկ Կարապետյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ, բայց ինչքանո՞վ ես կդիմադրեմ, կդիմանամ: Քանի որ ես Ղարաբաղյան պատերազմի մասնակից եմ, վետերան, իմ կյանքով եմ ներդրում կատարել այդ գործի մեջ, ապա ինձ համար երևի սա ավելի հեշտ է, քան այն ժամանակ որոշում կայացնելը»:

Պարգև Ստեփանյանն էլ ավելացրեց, որ պետք է հասնել նրան, որպեսզի մարդիկ իրենք հրաժարվեն այնտեղ որս անելու մտքից: Նրա խոսքով՝ տնօրեն ընտրվելու դեպքում նախ՝ կհանդիպի արգելոցի աշխատակիցների հետ, կհասկանա նրանց դրությունը, ապա կորոշի՝ ում ինչ հանձնարարականներ տալ, ինչ փոփոխություններ անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս