ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նկատմամբ կազմված վարչական ակտերը բեկանվել են

ՀՀ Ոստիկանապետի կողմից այսօր վարչական վերադասության կարգով վերանայվել և բեկանվել են այն բոլոր վարչական ակտերը, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ վարորդների նկատմամբ կայացվել են սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում՝ Պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության՝ Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի գումարտակների կողմից և տեսալուսանկարահանման սարքերի միջոցով արձանագրված խախտումներով։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 27-ին կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Ընդ որում՝ վարչական վերադասության կարգով այս որոշումը ոչ միայն կայացված վարչական ակտերին է վերաբերել, այլ նաև այն խախտումներին, որոնք արդեն իսկ արձանագրվել են, սակայն դեռևս չեն փաստաթղթավորվել»,-մանրամասնել է ՆԳՆ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 26-ից սկսած բոլոր արձանագրված խախտումները կփաստաթղթավորվեն և ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները պետք է հետևեն այն ընդհանուր սկզբունքներին, որոնց ՀՀ-ում պարտավոր է հետևել երթևեկության ցանկացած մասնակից։

Տեսանյութեր

Լրահոս