Նիկոլ Փաշինյանը ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև առևտրատնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ամրապնդումը և ողջունել պատվիրակության այցը մեր երկիր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը: Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխգործակցության ընդլայնմամբ:

Կորեայի Հանրապետության առևտրի նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են նաև գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորեական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:

Տեսանյութեր

Լրահոս