«Թշնամին չի կարողացել մտնել Կարմիր Շուկա. Բռնի տեղահանված արցախցիների հետագա ճակատագրի մասին ոչինչ ասել չեմ կարող. Կարմիր Շուկայի համայնքապետ

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, ապա  ցեղասպանության սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանված բնակիչների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տվյալները հավաքում են կա՛մ շրջվարչակազմի ղեկավարները, կա՛մ գյուղապետերն ու համայնքապետերը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը նշեց, որ Կարմիր Շուկայի ամբողջ բնակչության գտնվելու վայրի մասին տեղյակ են: Տեղեկություններ ունեն  նաև Կարմիր Շուկայում հաշվառված, սակայն այլ բնակավայրերում ապրող մարդկանց ճակատագրի մասին։

«Հաճախ այդ մարդիկ են կապ հաստատում մեզ հետ, շատ հաճախ՝ նաև ես, ճշտում եմ, թե որտեղ են հաստատվել, ինչպես են ապրում։ Այս մարդկանց հետագա ճակատագրի մասին ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց Նարեկ Աթայանը։

Կարմիր Շուկան Արցախի այն քիչ համայնքներից է, որտեղ երեխաներ չեն զոհվել։ Սեպտեմբերի 25-ին Ասկերանում բենզինի պայթունից Կարմիր Շուկայից 3 հոգի է վիրավորվել. նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Կարդացեք նաև

«Պատերազմի 24 ժամերի ընթացքում թշնամին Կարմիր Շուկա չի կարողացել մտնել, մեր և Թաղավարդի դիրքերը մնացել են իրենց տեղում։ Մարդիկ կային, որ հրադադարից հետո վերադարձել էին Կարմիր Շուկա, բայց դե, հետո դուրս եկան՝ բոլորին հայտնի պատճառներով։

Կարմիր Շուկայից դուրս եմ եկել սեպտեմբերի 24-ին»,- շեշտեց Նարեկ Աթայանը։

Պատերազմի առաջին երեք օրերի ընթացքում համացանցում լուսանկարներ էին տարածվում, մարդիկ փնտրում էին իրենց ընտանիքների անդամներին կամ բարեկամներին, այդ թվում՝ երեխաների: Մեր հարցին,  թե տեղեկություն ունե՞ն՝ փնտրվող մարդիկ գտնվե՞լ են, Նարեկ Աթայանը պատասխանեց՝ փառք Աստծո, Կարմիր Շուկայից բնակիչներից անհետ կորածներ չկան։

«Այդ ժամանակ ես հեռախոսակապի խնդիրներ ունեի, որքանով տեղյակ եմ, երեխայի կորելու դեպքը տեղի է ունեցել արդեն Ստեփանակերտ տեղափոխվելու ժամանակ, նրան գտել են»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև փոխանցեց, որ Կարմիր Շուկայից երկու ընտանիք կա, որ հաստատվել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում, մեկը բազմազավակ ընտանիք է։

Հարցին՝ կոնկետ Կարմիր Շուկայի բնակիչներն ի՞նչ են մտածում Ադրբեջանի հայտարարած ինտեգրացիայի մասին, Նարեկ Աթայանը պատասխանեց, որ այս պահին բնակիչներն ունեն հարյուրավոր սոցիալական խնդիրներ, բնակիչների հետ միայն այդ խնդիրներից են խոսում։

«Կարմիր Շուկայի բնակիչների հետ խոսելու հիմնական թեման սոցիալական խնդիրներն են։

Մարդիկ կան, որ Հայաստանի տարածք մտնելուց չեն գրանցվել ու չեն կարողանում ստանալ 100 հազար դրամները, այդ հարցերով ենք զբաղվում»,- եզրափակեց Նարեկ Աթայանը։

Տեսանյութեր

Լրահոս