Բաժիններ՝

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է սահմանափակել Facebook-ը և մյուս սոցցանցերը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատգամավոր, կառավարամետ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Ֆազաիլ Ագամալին առաջարկել է Ադրբեջանում սահմանափակել Facebook-ը և մյուս սոցցանցերը.

«Այդ սոցցանցերը սպառնում են Ադրբեջանի պետականությանը: Ես կողմնակից եմ դրանց ոչ թե ամբողջովին փակմանը, այլ՝ սահմանափակմանը: Մասնավորապես, սահմանափակումները պետք է վերաբերեն Սահմանադրությանը հակասող և հասարակության մեջ դիմակայություն առաջացնող կոչերին:

Ադրբեջանը վերածվել է կոշտ մրցակցության արենայի և բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը շահագրգռված են Ադրբեջանի թուլացման մեջ: Արևմուտքը նույնպես ունի իր շահերը, սակայն դրանք որոշակիորեն տարբերվում են նշված երկրների շահերից: Սոցցանցերի միջոցով կարող են կոչեր հնչեցնել Ադրբեջանի պետականության ու նրա քաղաքական կայունության դեմ:

Դրա վառ օրինակը կիրակնօրյա ակցիան էր՝ ընդդեմ բանակի կորուստների: Իհարկե, Պաշտպանության նախարարությունը պետք է եզրակացություններ կատարի զինվորների մահվան դեպքերից: Սակայն անկարելի է դա օգտագործել պետականության դեմ: Այդ չարամիտ պլանները Facebook-ի միջոցով ղեկավարվում են օտար տարբեր կենտրոններից, և դա պետք է հետաքննել ու պարզել:

Եգիպտոսում սոցցանցերի միջոցով իրականացվեց հեղափոխություն, և ի՞նչ դա տվեց այդ երկրին: Ադրբեջանը չպետք է վերածվի Եգիպտոսի»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաևը գրել է, թե ամերիկյան NDI-ը 2 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության իրականացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս