Պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է Առաջին լրատվական ալիքը։

Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը կենտրոնին էփոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

«Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին։»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Կատրին Կոլոննան նշել է, որ տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը։ Ըստ նրա՝ այն արդեն հասցրել են 12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:

Հոկտեմբերի 3-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Արցախից բռնի տեղահանված անձան։

«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը:

Տեսանյութեր

Լրահոս