Արջամկան օրը

Արդյոք հասարակությունը մեղք ունի՞ Արցախում ու Հայաստանում ստեղծված ողբերգական վիճակի հարցում: Գնահատականները ծայրահեղ են: Մի մոտեցման համաձայն, այո, հենց հասարակությունն է ամենամեծ մեղավորը, որ նախ՝ ընտրել, ապա՝ հանդուրժում է բոլոր արհավիրքների հեղինակ այս իշխանությանը: Հակառակ տեսակետը հասարակությանն ամբողջությամբ ազատում է պատախանատվությունից՝ «խեղճ ժողովուրդն ի՞նչ անի, խաբեցին, մոլորեցրեցին»:

Իրականությունը, ինչպես միշտ, ծայրահեղությունների  մեջտեղում է:

Հասարակությունն ունի մեղքի իր բաժինը, որովհետև տրվել է պոպուլիզմին, ականջահաճո հայտարարություններին, գնացել է արկածախնդիր, մասնագիտական որևէ կենսագրություն չունեցող, անհասցե, փողոցից գտնված մարդկանց հետևից, ովքեր պատկերացում չունեն պետության, պետականության վերաբերյալ:

Մյուս կողմից՝ հասարակությունը, իհարկե, նաև մոլորեցվել է, մանիպուլացվել է, ինչն էլ նպաստել է այս իշխանության պահպանմանը: Բայց հասարակությունը, որքան էլ մանիպուլացված ու մոլորեցված, կոնկրետ իրավիճակներում ունի կոնկրետ քայլով դիրքորոշում հայտնելու ու դրանով նախկինում նաև իր մեղավորությամբ թույլ տրված աղետալի ընթացքը կասեցնելու հնարավորություն: Դրանցից ամենաինտեգրալը ընտրություններն են, որովհետև ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում հասարակությունը քաղաքական դիրքորոշում, քաղաքական իրադրության փոփոխությանը հանգեցող դիրքորոշում հայտնելու հնարավորություն չունի, եթե չկան ֆորսմաժորային իրավիճակներ, համապետական բողոքի ալիքներ և այլն:

Կարդացեք նաև

Այդ առումով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն առնվազն մայրաքաղաքի բնակիչների համար եզակի հնարավորություն են՝ դիրքորոշում հայտնելու ոչ թե Երևանի կառավարման, այլ Արցախում ու Հայաստանում ստեղծված ողբերգական իրավիճակի վերաբերյալ: Արցախն արդեն 9-րդ ամիսը գտնվում է շրջափակման մեջ, սովամահության վտանգն աճում է ամեն ժամի հետ: Երևանի բնակիչներն իրենց ազգակիցների նկատմամբ գոնե մարդկային ապրումակցում արտահայտելու համար կարող են և պետք է բոյկոտեն սովորական կյանքը, այդ բոյկոտով ցույց տան, որ կյանքը Երևանում չի կարող շարունակվել սովորական հունով: Ահա այդ տեսանկյունից, Երևանի ավագանու ընտրություններում առաջնորդվել քաղաքային խնդիրներով, ասֆալտապատման ծավալով ու վերելակապատման քանակով, նշանակում է ցույց տալ, որ երևանցիները կատարելապես անտարբեր են արցախահայության հետ կատարվողի նկատմամբ և այս ընտրություններում առաջնորդվում են նույն մերկանտիլ, ճղճիմ շահերով, որոնցով առաջնորդվել են նախկինում: Երևանի ավագանու ընտրությունները փորձություն են ոչ թե դրան մասնակցող ուժերի ու թեկնածուների, այլ մայրաքաղաքի բնակիչների համար: Եթե որևէ տարբերակով, այդ թվում՝ վարչական ռեսուրսներով, ընտրակաշառքով, կեղծիքներով, թաղային հեղինակություններով և այլն, Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթեց այդ ընտրություններում, նշանակելու է, որ Երևանը կիսում է արցախուրացման իշխանության քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև և վարչական ռեսուրսին պատկանողները, և ընտրակաշառք բաժանող-ստացողները, և նույն թաղային հեղինակությունները Երևանի բնակիչներ են:

Եվ հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով մերժելով իշխանությանը, երևանցիները ցույց են տալու, որ մերժում են այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց Արցախում՝ Երևանում ու Հայաստանի՝ վտանգված տարածքում իշխանությունը պահպանելու համար:

Սեպտեմբերի 17-ը Հայաստանի համար լինելու է յուրահատուկ «արջամկան օր», այն տարբերությամբ, որ Երևանի ընտրողների որոշումը ցույց է տալու ոչ թե գարնան ուշ կամ շուտ գալու հավանականությունը, ինչպես լեգենդում, այլ այն, թե առհասարակ՝ հայկական պետականությունը կարո՞ղ է գարնան, զարթոնքի ակնկալիք ունենալ, թե՞ մոտենալու է իր վերջին աշնանը։

Այս ընտրությունները նույն երևանցիների համար հնարավորություն են ուղղելու 2021 թվականի համազգային խայտառակության արդյունքները, հակառակ դեպքում նրանք նպաստելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ իր կողմից թափահարվող մուրճով խփի հայկական պետականության դագաղի վերջին մեխը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս