Նյու Դելիի կենտրոնը լոքդաունի է ենթարկվել՝ G20-ի գագաթնաժողովի անվտանգության ապահովման նպատակով
«Մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովին ընդառաջ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի կենտրոնը դատարկվել է՝ երեք օրով փակվել են բոլոր ձեռնարկությունները, շուկաները և դպրոցները, սահմանափակվել է երթևեկությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նյու Դելիի կենտրոնական շրջանների պաշտոնական փակումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 7-ի կեսգիշերին, քանի որ սեպտեմբերի 8-ի առավոտից G20-ի երկրների առաջնորդները սկսել են ժամանել գագաթնաժողովին։
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովին ժամանող ղեկավարների ցանկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն և վարչապետ Մուհամեդ Բին Սալմանը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և այլք:
Նյու Դելիից «Reuters»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 8-ին 20 միլիոնանոց քաղաքը, որը սովորաբար շատ աշխույժ է և մարդաշատ, «լքված է»։ Քաղաքի գլխավոր փողոցներում երևում են միայն հատուկենտ տրանսպորտային միջոցներ և անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ։
Քաղաքում տեղակայվել են ոստիկանության և անվտանգության կիսառազմական ստորաբաժանումների գրեթե 130 հազար աշխատակիցներ, իսկ օդուժը հետևում է երկնքից եկող սպառնալիքներին։
Քաղաքի իշխանությունները նաև G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրերից վախեցրել և հեռացրել են կապիկներին, տեղափոխել են թափառող շներին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է Նյու Դելիի բնակիչներին՝ ասելով, որ երկիրը «հյուրընկալող է և պետք է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվի դրան»։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին և 10-ին։