Ունենք միայն մի ճանապարհ՝ Լաչինի միջանցքը. կա հստակ որոշում՝ Ակնայով ճանապարհը փակ պահել. Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, որտեղ ադրբեջանական կողմը իբրև թե հումանիտար բեռ է բերել և սպասում է, որ արցախյան կողմն այն բացի։

«Նախ, արձանագրեմ, որ մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է  Լաչինի միջանցք։ Այդ ճանապարհով Հայաստանից Արցախ և Արցախից Հայաստան անխափան երթևեկը պետք է վերականգնվի և ապահովվի։ Սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, մենք պետք է նաև ներկայումս էլ արձանագրենք, որ կա մեկ ճանապարհ։

Ինչ վերաբերում է  ադրբեջանական կողմի այդ թեզին՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկմանը, նորություն չէ, գոնե երեք շաբաթ նվազագույն ժամանակահատվածի պատմություն ունի, երբ ադրբեջանական կողմն արևմտյան, ռուսական գործընկերների միջոցով փորձել է ներկայացնել և ներկայացնելով հանդերձ՝ փորձել իրականություն դարձնել։ Երեկվա ադրբեջանական քայլը մեզ համար շատ հասկանալի է և անընդունելի, նախորդ երեք շաբաթվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, եթե դրանք հրապարակային չեն եղել, կարծում եմ՝ մեր հասարակությունը պետք է որ բավականին տեղեկացված լիներ։ Պետք է իմանար, որ Արցախի իշխանությունները քննարկումների արդյունքում հանգել են նրան, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը մեզ համար անընդունելի է։ Մենք ունենք մեկ միջանցք և երկրորդ միջանցքի հասկացողություն մեզ համար չպետք է ամրագրենք»,- նշեց Դավիթ Իշխանյանը։

ԱՀ ԱԺ նախագահը նաև ասաց, որ իրենք շատ լավ հասկանում են Ադրբեջանի քաղաքական նպատակները՝  փորձում են աշխարհին  ցույց տալ, որ իրենք ունեն ներքին խնդիր, և Արցախում տեղի ունեցողը որևէ առումով չի կարող առնչվել արտաքին աշխարհին։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է  անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարիքներն ապահովելու համար։ Մեկ այլ նրբություն էլ կա, որ Ադրբեջանն իր կարմիր մահիկի միջոցով փորձում է Արցախից դուրս մղել Կարմիր խաչին»,- շեշտեց Դավիթ Իշխանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս