Բաժիններ՝

Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է ԱԹՍ-ներով հերթական գրոհի մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմը ՌԴ-ի տարածքի վրա հարձակման հերթական փորձն է կատարել։

«Օգոստոսի 28-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 04։30-ին ՀՕՊ համակարգերի կողմից խափանվել է Կիևի վարչակարգի հերթական փորձը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա», – հայտնել են ՌԴ ՊՆ-ում՝ հավելելով, որ անօդաչուն ոչնչացվել է Մոսկվայի մարզի Լյուբերցիի շրջանում։

Միջադեպի մասին հայտնել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում՝ տեղեկացնելով, որ ԱԹՍ-ն թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։

«Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան», – գրել է նա։

Այս հաղորդագրությունների ֆոնին, ըստ ТАСС-ի, Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքների ընդունումը և մեկնումը։ «Շերեմետևո»-ն աշխատել է բնականոն ռեժիմով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Բրյանսկի մարզում 2 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին՝ դրանց արձակման մեջ մեղադրելով Կիևին։

«Երկու անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ հերթապահ համակարգերի կողմից Բրյանսկի մարզի տարածքում», – նշված է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս