Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Բիզնես ինովացիոն ֆորում»

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Բիզնես ինովացիոն ֆորում», որը տեղի կունենա նոյեմբերի 8-10-ը Դիլիջանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է՝ մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին:

«Մեր խնդիրներից մեկը կա և մնում է Հայաստանում տեխնոլոգիաների կիրառման աստիճանի բարձրացումը, ուստի շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ միայն, այսպես ասած, արտադրող, ծրագրեր գրող երկիր լինենք, այլև այդ ծրագրերը կիրառող»,- ասաց Կ. Վարդանյանը: Նրա խոսքով՝ միջոցառման օրակարգը հիմնականում ուղղված կլինի հենց այդ խնդրի լուծմանը, որպեսզի նորարարության ներդրումը տնտեսության մեջ ավելի մեծանա: Կքննարկվեն նաև Հայաստանում արդյունավետ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները, բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրները և այլ թեմաներ:

Ըստ Կ. Վարդանյանի՝ միջոցառումը կմիավորի շուրջ 250 գործարարի, որից 1/3-րդը կլինեն ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, իսկ 2/3-րդը՝ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս