Եթե դու հայտարարում ես Արցախն Ադրբեջանի մաս, դրանով սահմանափակում ես նաև քո իսկ գործունեությունը. Արմեն Մանվելյան

«Միջազգային տարբեր կառույցների ամլությունը, անկարողությունն առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ ՀՀ գործող քաղաքական ռեժիմն ինքն է հայտարարել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին, որին այդպես էլ չհաջորդեցին գործուն քայլեր:

Միջազգայնագետը շեշտեց՝ ՀՀ իշխանությունների այս հայտարարությունը սահմանափակում է միջազգային կառույցների գործունեությունը, նրանց դիրքորոշումը, և  դրան էլ գումարվում է հայկական կողմի դիվանագիտական աշխատանքի ամլությունը:

«Այս շրջափակումը վերացնելու համար ոչ մի էական աշխատանք չի արվում. եթե դու հայտարարում ես Արցախն Ադրբեջանի մաս, դրանով սահմանափակում ես նաև քո իսկ գործունեությունը»,- հավելեց նա:

Արմեն Մանվելյանը Արցախում ստեղծված իրավիճակն իբրև «հումանիտար ճգնաժամ» բնութագրելը սխալ է համարում՝ նկատելով, որ այն իրականում առավել խորն է՝ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանության տանող գործողություններ:

Կարդացեք նաև

Հարցին, թե այսօր Արցախի Հանրապետությունը կարո՞ղ է ինչ-որ քայլեր անել, որով կփոխի իրավիճակը, միջազգայնագետը պատասխանեց. «Եթե Արցախում ռեալ ղեկավարություն լիներ, գոնե մի շարք քայլեր կարող էին ձեռնարկել. մասնավորապես, սկսեին բնակչությանը զինել, պատրաստել դիմադրության՝ ցույց տալու, որ իրենք վճռական են և չեն պատրաստվում իրենց տները լքել, նահանջել: Ամբողջ ազգով՝ կին թե տղամարդ, զինված են ու պատրաստ՝ իրենց ամեն թիզ հողի համար կռվել. այս վճռականությունը միջազգային հանրության կողմից կընկալվեր քայլ, որ այս մարդիկ չեն պատրաստվում իրենց տները լքել, չեն պատրաստվում թույլ տալ՝ Ադրբեջանը մտնի իր տարածք, և ինչ-որ ձևով ինտեգրվել ադրբեջանական հասարակության հետ:

Սակայն նման քայլեր չկան նաև Արցախի ղեկավարության կողմից, և նրանք հիշեցնում են Հայաստանում գործող քաղաքական ռեժիմի խեղկատակային մի տարբերակը Ստեփանակերտում»:

Արցախում ընդդիմությունը կարո՞ղ է ինչ-որ բան անել՝ մեր ճշտող հարցին ի պատասխան էլ՝ նա արձագանքեց. «Այնտեղ փոխվեց խորհրդարանի նախագահը: Նմանատիպ քայլերով՝ ընդդիմությունը նաև Գործադիր իշխանությունը պետք է իր ձեռքը վերցնի: Ներկա գործադիր իշխանությունը  նստացույցեր, ցույցեր ու բողոքի ակցիաներ է անում, բայց հստակ չի նշում ՀՀ-ում գործող քաղաքական ռեժիմի ու նրա ղեկավարի անունը, որոնք Արցախում աղետի հիմնական մեղավորն են:

Այսինքն՝ քանի այդ մարդու անունը չի տրվում, ոչ մի բանի հնարավոր չէ հասնել: Հետևաբար՝ ընդդիմությունը պետք է վերցնի իշխանությունը, և հստակ ասվի՝ այս աղետի պատճառը գործող քաղաքական ռեժիմն է՝ հանձին պարագլխի, որը Երևանում  է նստած մեր հարկերի հաշվին, ու հայության մի հսկայական հատվածի ուղղակի ցեղասպանության են ենթարկում՝ անձամբ մասնակցելով  կազմակերպչական գործին»:

Արմեն Մանվելյանը հույս ունի, որ Արցախում ստեղծված այս իրավիճակը Հայաստանում գործուն քայլերի պատճառ կարող է դառնալ, բայց դրա համար ակնկալում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա:

Տեսանյութեր

Լրահոս