Նիգերի խունտան դադարեցրել է երկրի դեսպանների լիազորությունները մի շարք երկրներում, իսկ նախագահը դիմել է միջազգային հանրությանը
Նիգերում հեղաշրջման արդյունքում իշխանության եկած զինվորականները կասեցրել են աֆրիկյան և արևմտյան 4 երկրներում երկրի արտակարգ և լիազոր դեսպանների լիազորությունները։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
«Ֆրանսիայի Հանրապետությունում, Նիգերիայում, Տոգոյում և ԱՄՆ-ում Նիգերի արտակարգ և լիազոր դեսպանների գործառույթները դադարեցվել են», – հայտնել է զինվորականներից մեկը պետական հեռուստատեսության եթերում։
Ավելի վաղ Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին տապալած զինվորականները հայտարարել էին, որ չեղարկում են Ֆրանսիայի հետ մի քանի ռազմական համաձայնագրեր:
Նոր իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ իրենք անհապաղ պատասխան միջոցներ կձեռնարկեն Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի «ագրեսիայի կամ ագրեսիայի փորձի» դեպքում։
Իր հերթին օգոստոսի 4-ին The Washington Post թերթում հրապարակած իր սյունակում Մոհամեդ Բազումը ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել օգնել` վերականգնելու իր երկրում սահմանադրական կարգը։ Նրա խոսքով՝ եթե իրեն պաշտոնանկ անելու փորձը հաջողվի, «ապա դա սարսափելի հետևանքներ կունենա մեր երկրի, մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»։ Բազումը սյունակում նշել է, որ այդ տողերը գրում է՝ լինելով պատանդ։ Նա ընդգծել է, որ Աֆրիկայի «անհանգիստ» Սահելի տարածաշրջանում Նիգերը «մարդու իրավունքների պահպանման վերջին հենարանն է»: