Բաժիններ՝

Ծննդյան և մահվան կեղծ վկայականներ են ներկայացրել դեսպանատուն և ստացել Շենգենյան վիզաներ. ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք։

Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, Աշտարակ քաղաքի բնակիչ Ա.Գ-ն ՀՀ քաղաքացիներ Զ.Մ-ի, Ա.Մ-ի, Ա.Մ-ի, Ե.Մ-ի, Ս.Մ-ի անօրինական միգրացիան կազմակերպելու շուրջ նախնական համաձայնության է եկել «ՍՍ թրեվել» տուրիստական գործակալության տնօրեն Ս.Պ-ի և վերջինիս քրոջ՝ Լ.Պ-ի հետ, որից հետո, ի կատարումն իրենց հանցավոր մտադրության, 2023 թվականի հունիսին, շահադիտական նպատակով, ընդհանուր 20 000 ԱՄՆ դոլարի դիմաց դեռևս չպարզված հանգամանքներում պատրաստել են նրանց վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ ծննդյան և մահվան կեղծ վկայականներ, որոնք այլ փաստաթղթերի հետ միասին Զ.Մ-ն, Ա.Մ-ն, Ա.Մ-ն, Ե.Մ-ն, Ս.Մ-ն 2023 թվականի հունիսի վերջերին ներկայացրել են ՀՀ-ում եվրոպական երկրներից մեկի դեսպանատուն և դրանց հիման վրա շուրջ 10 օր անց հիշյալ անձանց տրամադրվել են «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի արտոնագրեր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 6 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը, իսկ Ա.Գ-ի նկատմամբ՝ կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, «ՍՍ թրեվել» տուրիստական կազմակերպությունում, որի արդյունքում հայտնաբերվել են նախապես կնիքված տարբեր կազմակերպությունների ձևաթղթեր, կեղծ կնիքներ, փաստաթղթեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խուզարկության արդյունքում ի հայտ եկած հանգամանքների համադրումը թույլ է տալիս ենթադրել, որ հանցավոր խումբը, բացի վերոգրյալ 5 անձանցից, կազմակերպել է նաև բազմաթիվ այլ քաղաքացիների անօրինական միգրացիան դեպի Եվրոպա և ԱՄՆ։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:

Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված խմբի գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս