«Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս»

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձից ժամեր անց  նրա հիվանդասենյակում  ասեղ գցելու տեղ չկար: Բոլոր պաշտոնյաները` խալաթներն ուսերին, տեսախցիկների առաջ, առողջություն էին մաղթում Հայրիկյանին: Անգամ Սերժ Սարգսյանն էր այցելել նրան:

Հայրիկյանից կախված էր Սահմանադրական դատարան դիմելու-չդիմելու  հարցը` կհետաձգե՞ր երկու շաբաթով ընտրությունները, թե՞ ոչ: Երկու շաբաթ. այդ ընթացքում կսպառվեր ՀՀԿ թեկնածուի  համեստ ասելիքն  ընտրողներին,  ու անհրաժեշտություն կառաջանար ֆինանսական նոր միջոցներ դնել շրջանառության մեջ:  Րաֆֆի Հովհաննիսյանը կհասցներ անձամբ բարևել Հայաստանում բնակվող բոլոր քաղաքացիներին, ներկա լինել երկու շաբաթվա ընթացքում մահացածների հոգեհանգստյան և հարսանյաց արարողություններին: Հրանտ Բագրատյանն ավելի  մանրամասն կներկայացներ իր «100 քայլը»: Անդրիաս Ղուկասյանը կհյուծվեր ևս երկու շաբաթ: Հայրիկյանն ինքն էլ ընդդիմության միասնական թեկնածուի մասին ինչ-ինչ գաղափարներ ուներ:

Պարույր Հայրիկյանը դիմեց ՍԴ, սակայն հաջորդ օրը ետ վերցրեց դիմումը: Եվ վերջ. նրա հանդեպ քաղաքական վերնախավի  (ու ոչ միայն) հետաքրքրությունը վերջնականորեն սպառվեց: Սրամիտ և ոչ այնքան սրամիտ ստատուսները հեղեղեցին ֆեյսբուքը: Ու  դա էլ մարեց:

Եվ օրերս  Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումն ահավոր ցավալի հնչեց . «Եվս մեկ տհաճ օր… Մոտ երեք ժամ ստուգելուց յետոյ մասնագետնէրն արձանագրեցին, որ դէպի վատն են գնում առողջական  գործերս: Ուրախացե՛ք, տականքնե՛ր, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու… Մէկ է, ես վերականգնուելու եմ: Իսկ եթե ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու, ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ միակ մարդուն այդպէս միահամուռ  դաւաճանեցիք…»:

Ո՞րն է, ի վերջո, մարդուն գնահատելու, նրա հանդեպ մարդկային ուշադրություն ցուցաբերելու առիթը. որքանո՞վ է նա քաղաքական գործոն, որքա՞ն է  մեծ կամ փոքր նրա սխալվելու հավանականությունը: Թե որքանո՞վ է նա մեկը` մեզնից, որն ունի մարդկային պարզ ուշադրության, հոգատարության կարիք:

Այն մարդիկ, ովքեր դուրս չէին գալիս նրա հիվանդասենյակից, քանի դեռ ԱԻՄ առաջնորդն իր որոշմամբ կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների տրամաբանության վրա, այսօր այլևս նրա առողջությամբ չեն հետաքրքրվում: Անհրաժեշտություն չկա…

Մարդուն մոռանալն ամենածանր հարվածն է: Արշակ Չոպանյանի բանաստեղծությունը հիշո՞ւմ եք. «Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս»:

Տեսանյութեր

Լրահոս