«Տիկին դեսպան, ինչի՞ վրա է հիմնված Ձեր լավատեսությունը և ցանկությունը՝ մեզ խցկել Ադրբեջանի կազմ». Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ դեսպանին
Հունիսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը խոսելով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին՝ ասել է, որ դա հնարավոր է։
«Հավատացած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք միասնաբար ջանքեր գործադրել՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն արձագանքելով ԱՄՆ դեսպանի այս հայտարարությանը՝ նշեց, որ ըստ երևույթի դեսպանն արտահայտել է Միացյալ Նահանգների կարծիքը։
«Իհարկե, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ում կառավարման հետ խնդիրներ կան, բայց հարցը դա չէ, այստեղ միասնական մոտեցումն է։ ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը կարևոր է, կապ չունի, որ իր բնույթով շատ վատն է և իր էությամբ՝ խայտառակ, որովհետև սրանով ոտնահարվում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրենց իսկ պետության հիմքերը։ Ինչո՞ւ է կարևոր, այն առումով, որ մենք պարզ հասկանաք, ով ով է և ով ինչ է ուզում։
Նախ ուզում եմ հարցնել՝ տիկին դեսպան, ինչի՞ վրա է հիմնված Ձեր լավատեսությունը և ցանկությունը՝ մեզ խցկել Ադրբեջանի կազմ։ Իսկ Թայվանը չի՞ ուզում միանալ Չինաստանին, որ ամեն ձևով թույլ չեք տալիս։ Իսկ Ղրիմը չի՞ ցանկանում լինել Ռուսաստանի կազմում, իսկ ինչո՞ւ չեք թողնում, որպեսզի Կոսովոն մնա Սերբիայի կազմում։ Պատերազմ եք հրահրել Բոսնիայում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա բնորոշմամբ՝ Միացյալ նահանգները հայտարարում է, թե ցանկանում է պաշտպանել ու փրկել ժողովրդավար երկիրը, մինչդեռ փորձում են ժողովրդավար Արցախը խցկել տոտալիտար Ադրբեջանի կազմ։ Այս ամենը կա՛մ չեն հասկանում, կա՛մ թքած ունեն, որ իրենց այդ գործողությունը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։
«Սա ցավով եմ ասում, որովհետև հալածում են ժողովրդավարությունը։ Արցախյան պայքարը նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների համար պայքար էր, իսկ նման երևույթները պարզապես ոչնչացնում են ժողովրդավարությունը։ Այս դեպքում գուցե Միացյալ Նահանգներին ասենք շնորհակալություն և խնդրենք մարդկանց ուղարկեն, որպեսզի Ադրբեջանին տեղում օգնեն այդ գործընթացն իրականացնելու, հատկապես, որ ԱՄՆ-ում այդ փորձը կա՝ հնդկացիների համար ռեզերվացիաներ ստեղծելու, որպեսզի նրանք ինտեգրվեն ամերիկյան հասարակությունում։
Մենք արդեն մտել ենք մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները դարձել են «ֆեյք»: Հասկացություններ, որոնք սպեկուլացվում են տարբեր ուժերի կողմից աշխարհաքաղաքական շահերի համար, ոչ թե արժեհամակարգի»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս ամենից պետք է հայկական սփյուռքը համապատասխան հետևություններ անի, քանի որ մշտապես շեշտը դրել է արժեքների վրա, բայց այսօր արժեքներ գոյություն չունեն, հետևաբար՝ այլ ձևերով պետք է աշխատեն։ Հայկական սփյուռքը մեծ ներդրում ունի ԱՄՆ-ի զարգացման գործում, ավելի շատ, քան Թուրքիան ու Ադրբեջանը։
«Մենք ավելի շատ ենք պայքարել ու պայքարում ժողովրդավարության համար, իսկ ԱՄՆ-ը ողջունում է Ալիևի այն քայլը, որ ցանկանում է համաներում շնորհել ժողովրդավարության համար պայքարող մարդկանց՝ շնորհակալ ենք։ ԱՄՆ տարբեր նահանգներ ու կոնգրեսականներ հայտարարում են, որ պետք է ճանաչեն Արցախը, իսկ ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն է, անում, սա ի՞նչ է ստացվում։ Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն էլ է բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, ինչը լավ բանի չի բերելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։