Երևանում բախվել են «Գազել»-ն ու տաքսին. տաքսին գլխիվայր է շրջվել. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «Բյուդ» մակնիշի Լ 3196 համարանիշի և թիվ 6 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 2234 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Բյուդ» մակնիշի ավտոմեքենան, որը «Մոնա» տաքսի ծառայությանն է պատկանում, գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը «Գազել»-ի վարորդն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի