Պոլիկլինիկաների 1000-ից ավելի բուժաշխատող արդեն հավելյալ վարձատրություն է ստացել

Առողջության առաջնային օղակի բարեփոխումների շրջանակում բոնուսային համակարգով բարձրացվում են բուժաշխատողների աշխատավարձները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ բնակչության թվով հավաքագրված աշխատավարձից բացի բոնուսային ցուցանիշներով ևս բուժաշխատողներն ու բուժքույրերը ստանում են հավելյալ գումար։ Եթե մինչ այժմ 33 ցուցանիշով հաշվարկվել է բոնուսային աշխատավարձ կիսամյակը մեկ, ապա այս տարվանից լրացուցիչ ևս 4 ցուցանիշ է ավելացվել, որը հնարավորություն է տալիս արդեն եռամսյակը մեկ հավելյալ վարձատրություն սահմանել։

«Սա առողջության առաջնային օղակի բուժաշխատողներին խրախուսելու մեխանիզմներից է, որը բարելավվում է։ Բուժաշխատողներն, ըստ իրենց ծանրաբեռնվածության, կատարած աշխատանքի արդյունքի, որակի ստանում են հավելյալ վարձատրություն։ Նախարարության կողմից սահմանված ցուցանիշներն էլ վերաբերում են տարբեր ուղղություններին՝ հիվանդությունների առաջնային կանխարգելմանը, քրոնիկ հիվանդությունների վերահսկմանը, պատվաստումների իրականացմանը, ռեգիստրների վարմանը, մատուցված ծառայությունների քանակական այցերին, ուղեգրումների հիմնավորումներին և այլն»,-ասաց Արտակ Ջումայանը։ Դիտարկվելու է, թե որքանով են բուժառուները պահվում պոլիկլինիկաներում և որքանով են անհիմն ուղղորդվում հիվանդանոց։

ՀՀ ԱՆ-ի Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեից առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններ մատուցող բուժանձնակազմի վարձատրության համար պետական բյուջեից ուղղվում է շուրջ 2,4 մլրդ դրամ։ Սա մոտավորապես 5,5 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա հատկացված ֆինանսավորումը։ 2022 թվականին բյուջեով առաջնային օղակի բուժաշխատողների բոնուսային վարձատրության համար հատկացվել էր 416 մլն դրամ։

«Երկու եռամսյակի ցուցանիշներն ամփոփվել են։ Արդեն բոնուսային վարձատրության համար բյուջեից հատկացվել է 550 մլն դրամ։ 1128 հոգի արդեն օգտվել է բոնուսային վարձատրությունից։ Միջին բոնուսային վարձատրության չափը կազմել է 100 հազար դրամ։ Դա կազմում է իրենց ամսական աշխատավարձային ֆոնդի շուրջ 42 տոկոսը»,-ասաց Ահարոն Բարսեղյանը։

Բուժաշխատողների աշխատանքի վերաբերյալ տվյալների ամփոփումը կատարվում է բացառապես ավտոմատացված, մարդկային գործոն չկա։ Այսինքն՝ համակարգն է առանձնացնում բժիշկների աշխատանքի ցուցանիշների հաշվարկը։ Դրա հիման վրա էլ կատարվում է ֆինանսավորումը։

Այս բարեփոխումներով մի կողմից խրախուսվում են պոլիկլինիկաների բուժաշխատողները, մյուս կողմից խնդիր է դրված նվազեցնել անհիմն ուղեգրումները հիվանդանոցներ։ Դա էլ իր հերթին կնվազեցնի հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, իսկ քաղաքացիները բուժում կստանան պոլիկլինիկաներում՝ խնայելով ժամանակ ու գումար։

Տեսանյութեր

Լրահոս